Ֆրանսիական «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցության ղեկավար և Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Տոնդելյեն երկրորդ երեխային է լույս աշխարհ բերել։ Որդին, որին անվանել են Լեոն, ծնվել է սեպտեմբերի 18-ին երկրի հյուսիսային Լանս քաղաքում, սեպտեմբերի 23-ին Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է անձամբ Տոնդելյեն։
40-ամյա Տոնդելյեն դարձավ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի առաջին կին հավակնորդը, որը հղիության ընթացքում նախընտրական արշավ է վարել։ Ծննդաբերությունից մի քանի ժամ առաջ նա մասնակցել էր նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ Ելիսեյան պալատում, որտեղ քննարկվել էին միջազգային հակամարտություններն ու դրանց հետևանքները։
Տոնդելյեի պատմելով՝ ծննդաբերությունը «շատ լավ» է անցել։ Նա խոստովանել է, որ որոշ ժամանակ կաշխատի այլ ռեժիմով և կփորձի միջոց գտնել՝ համատեղելու նախագահական արշավը նորածնի խնամքի հետ։
«Երեխայի առողջությունն ու բարեկեցությունը առաջնահերթություն ունեն», — ընդգծել է քաղաքական գործիչը։
Տոնդելյեն պատմել է, որ ինքն ու ընտանիքը միտումնավոր մի քանի օր չէին հայտնել որդու ծննդյան մասին։ «Մենք օգտվեցինք այն հանգամանքից, որ մեր երեխան փոքր-ինչ շուտ ծնվեց, որպեսզի մի քանի օր այս հրաշալի լուրը պահենք միայն մեզ համար»,- գրել է նա Instagram-ում։
Տոնդելյեն արդեն 7-ամյա որդի ունի։ Երկուշաբթի նա պաշտոնապես առաջադրվել է «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցության թեկնածու՝ 2027 թվականի նախագահական ընտրություններում։ Առայժմ նրա թեկնածությունը պետք է անցնի ներքին հաստատման փուլ․ դեկտեմբերի 10-13-ը կուսակցության անդամները կորոշեն՝ արդյոք պե՞տք է պահպանել ինքնուրույն արշավը, թե աջակցել ձախ ուժերից մեկ այլ թեկնածուի։
Տոնդելյեն հայտարարել էր, որ երեխայի ծնունդի պատճառով մտադիր չէ չորսամսյա արձակուրդ վերցնել։ Մոտ ժամանակում նա նախատեսում է շարունակել մասնակցությունը նախընտրական արշավին, դրանց թվում՝ տեսակապով մամուլի ասուլիս անցկացնել։
Եթե մոր և երեխայի վիճակը թույլ տա, սեպտեմբերի 26-ին Տոնդելյեն մտադիր է մասնակցել նաև կլիմայական երթին Արրաս քաղաքում։
Տոնդելյեի հղիությունը նրա համար առիթ էր բարձրացնելու վերարտադրողական առողջության և երեխաների ծննդից հետո ընտանիքներին աջակցության հարցերը։ Նրա առաջարկների թվում են՝ ծննդաբերությունից հետո առաջին տարում կանանց բժշկական ուղեկցման ընդլայնումը, ընտանիքներին տանը օգնելու պետական ծառայության ստեղծումը և ավելի երկարատև ու ավելի լավ վարձատրվող ծնողական արձակուրդը։
«Ընտանեկան քաղաքականությունը չի կարող ավարտվել ծննդատան դռների մոտ»,- գրել է Տոնդելյեն վերարտադրողական առողջության հարցերին նվիրված իր ծրագրում։
