Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին, որի հեղինակը հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեմն էր, իսկ վերջնական փաստաթուղթը կուղարկվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանը։

Նախաձեռնությանը աջակցել է 262 օրենսդիր, դեմ է արտահայտվել 159-ը՝ նրանց թվում 152 դեմոկրատ և 7 հանրապետական։

ԱՄՆ Սենատը տվյալ օրինագիծը օգոստոսի 7-ին հավանության էր արժանացրել ձայների ճնշող մեծամասնությամբ։ Նախաձեռնությունը նախատեսում է 100% մաքսատուրքեր ռուսական էներգակիրների հինգ խոշորագույն գնորդների դեմ և 500%՝ Ռուսաստանից ԱՄՆ ամբողջ ներմուծման վրա։

Օրինագծի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այժմ Թրամփն իրավունք ունի երկրորդային մաքսատուրքեր սահմանել բացառապես իր հայեցողությամբ։ Սպիտակ տան ղեկավարը կարող է ինքնուրույն որոշել ժամկետները, սահմանափակումների ծավալը և ռուսական էներգակիրների գնորդների դեմ մաքսատուրքերի չափը, ինչպես նաև միանձնյա բացառություններ տրամադրել կոնկրետ երկրներին՝ առանց Կոնգրեսի հետ համաձայնեցման անհրաժեշտության։

Միևնույն ժամանակ օրինագծին չաջակցած կոնգրեսականները այն անօգուտ են համարել։ Այսպես, դեմոկրատ Չույ Գարսիան նշել է, որ նախաձեռնությունը չի ուժեղացնում ճնշումը Ռուսաստանի վրա, այլ դրա փոխարեն Թրամփին տալիս է անսահմանափակ լիազորություններ մաքսատուրքեր սահմանելու հարցում։ Նրա կուսակից գործընկեր Քիմ Շրայերը հայտարարել է, որ օրինագիծը լի է սողանցքներով, որոնցից վարչակազմը կչարաշահի, իսկ կոնգրեսվուոմեն Բրիտանի Փետերսենը ընդգծել է, որ չի կարծում, թե ընդունված փաստաթուղթը համապատասխանում է Ուկրաինային աջակցելու նպատակներին։

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որը նրա նկատմամբ սկսել են գործադրել մի քանի տարի առաջ և շարունակում են ուժեղացնել։ Իշխանությունները նշել էին, որ ոչ բարեկամական պետություններին չի բավարարում համարձակությունը՝ ընդունելու նման քաղաքականության ձախողումը։

Share.