ԱՄՆ-ի պատերազմը Իրանի հետ կարող է շարունակվել ևս մոտ վեց ամիս և սպառնում է վերածվել Վաշինգտոնի հերթական երկարատև պատերազմի Մերձավոր Արևելքում։ Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախկին պաշտպանության նախարար Լեոն Պանետան։
Ըստ նրա, Վաշինգտոնն ու Թեհրանը հայտնվել են երկարատև փակուղու մեջ, որից այժմ գործնականում ակնհայտ ելք չկա։ Պանետան զգուշացրել է, որ հակամարտությունը կարող է դառնալ ԱՄՆ-ի հերթական «հավերժական պատերազմը»՝ նման Իրաքում և Աֆղանստանում տեղի ունեցած պատերազմներին։
«Կարծում եմ՝ բարձր է հավանականությունը, որ այս պատերազմը կշարունակվի ևս վեց ամիս՝ առանց լուծման», — ասել է նա։
Պանետան նաև քննադատել է Պենտագոնի ղեկավարության վիճակը։ Նրա կարծիքով, ամերիկացի զինծառայողները մասնակցում են մարտական գործողություններին ռազմական ղեկավարության ներսում լուրջ ցնցումների ֆոնին, ինչը ԱՄՆ-ի հակառակորդների մոտ ստեղծում է Վաշինգտոնի թուլության տպավորություն։ Ավելի վաղ հակամարտության ֆոնին անսպասելիորեն հրաժարական էր տվել ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը։ Պենտագոնը հերքել է ապակազմակերպվածության մեղադրանքները՝ հայտարարելով, որ գերատեսչությունն աշխատում է «ամբողջ հզորությամբ»։
Պանետայի կարծիքով, նախագահ Դոնալդ Թրամփն այժմ ունի գործողությունների երեք հիմնական տարբերակ՝ դադարեցնել պատերազմը և հայտարարել հաղթանակի մասին, շարունակել ներկայիս դիմակայությունը պարբերական հարվածներով կամ փորձել վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցի նկատմամբ, որը նա անվանել է Իրանի ճնշման գլխավոր լծակը։
Նախկին պաշտպանության նախարարի կարծիքով, ԱՄՆ-ն կկարողանա հասնել ռազմական հաղթանակի միայն գործողության նպատակների էական փոփոխության դեպքում։ Վաշինգտոնի գլխավոր խնդիրը, Պանետայի համոզմամբ, պետք է լինի Հորմուզի նեղուցի բացումը։
Նա նաև հայտարարել է, որ շատ ամերիկացիներ կորցրել են հավատը Թրամփի՝ պատերազմը արդյունավետ վարելու ունակության նկատմամբ։ Պանետան մտահոգություն է հայտնել նաև ամերիկացի զինծառայողների վիճակի կապակցությամբ՝ մատնանշելով ռեկորդային երկար գործուղումները և զորքերի ռոտացիայի անբավարար պլանավորումը։
