Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվել է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանի դեմ ներկայացված հայցի քննությունը: Tert.am-ի հետ զրույցում Շիրակ Բունիաթյանը տեղեկացրեց, որ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին:
Հայցվորը պահանջում է հրապարակայնորեն հերքել Maxinfo.AM խմբի ֆեյսբուքյան էջում Լիկա Սվասյանի 25.02.2019 թվականի գրառմանն ի պատասխան Շիրակ Բունիաթյանի կողմից ներկայացված զրպարտություն համարվող տվյալները:
«Ընկերությունը նաև ֆինանսական փոխհատուցում է պահանջում, ինչքան գիտեմ, 1 մլն դրամ»,-մանրամասնեց Շիրակ Բունիաթյանը:
Անդրադառնալով երեկ Ամուլսարի պահպանների և Գնդեվազի 2 բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպին՝ Շիրակ Բունիաթյանն ասաց, որ տարաձայնություններ ցանկացած համայնքում կարող են լինել, այժմ ամեն ինչ նորմալ է:
«Մամուլում ապատեղեկատվություն էր տարածվել, թե բռնությամբ ականջ են կտրել, ինչը հրապարակավ հերքվեց նաև վնասվածք ստացողի կողմից: Բնակիչներ են, որոնց միջև եղել են տարաձայնություններ, այնպես չէ, որ մենք ՀԿ-ենք և պետք է սանձենք: Ամուլսարի պահպաններ ասելով՝ մենք շրջանակը փոքրացնում ենք, խելամիտ հայությունը դարձել է Ամուլսարի պաշտպան»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Ջերմուկ այցին՝ Շիրակ Բունիաթյանն ասաց, որ այն երկու կողմերի համար էլ կարևոր էր, վարչապետը փորձեց հակադարձել այն քննադատություններին, որ խոստացել էր գալ և չէր գալիս:
0Comments