Հնդկաստանի անուղղակի հարկերի և մաքսատան կենտրոնական վարչությունը (CBIC) ժամանակավորապես բացել է երկրի բոլոր նավահանգիստներն ու միջազգային օդանավակայաններն օտարերկրյա բեռների համար, որոնք վերաուղղորդվել են Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով:

The Economic Times-ը գրում է, որ Հորմուզի նեղուցում ծովային փոխադրումների ոլորտում պահպանվող անորոշության պայմաններում Հնդկաստանում օտարերկրյա կոնտեյներային բեռների բեռնաթափումը, պահումը և փոխաբեռնումը թույլատրվում է մինչև 2026 թ. հոկտեմբերի 31-ը: CBIC-ի կարգադրության համաձայն՝ բեռը պետք է մնա մաքսային հսկողության ներքո և նախատեսված լինի բացառապես հետագա միջազգային տարանցման կամ վերաարտահանման համար: Այդ բեռների օգտագործումը Հնդկաստանի ներքին շուկայում արգելվում է:

Բեռների փոխաբեռնման որոշումը CBIC-ն ընդունել է Հնդկաստանի տրանսպորտային ենթակառուցվածքներն օգտագործելու՝ առևտրային և արդյունաբերական ոլորտների տարբեր դերակատարների խնդրանքներից հետո՝ Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամի պայմաններում անխափան ծովային փոխադրումների և միջազգային առևտրի ապահովման համար:

Օգոստոսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը վերացրել են Հորմուզի նեղուցի շրջափակումը և այժմ  այնտեղով նավարկությունը բաց է: Նա միևնույն ժամանակ հնարավոր է համարել, որ նավերի երթևեկությունը նեղուցի գոտում կարող է «փոքր-ինչ դանդաղել»։ ԱՄՆ-ն նաև պահպանում է իրանական նավահանգիստների շրջափակումը։

Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ թույլ չի տալիս այն նավերի անցումը Հորմուզի նեղուցով, որոնք իրենց երթուղին նախապես չեն համաձայնեցրել Իրանի իշխանությունների հետ։

Share.