Եթե անգամ ռուսական շուկան մեկ ժամից բացվի, Հայաստանը կշարունակի շուկաների դիվերսիֆիկացիան: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Ռուսաստանը Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պահանջ։
Այնուհետև, լրագրողը հետաքրքրվեց` սահմանափակումների ուղղությամբ ՀՀ իշխանություններն ի՞նչ քայլեր են իրականացնում և այս հարցում Հայաստանը ՌԴ–ից ի՞նչ է ակնկալում։
«Եթե հենց հիմա` մեկ ժամից, ռուսական շուկան 100 տոկոս բացվի, միևնույնն է` մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզ նման իրավիճակներից մենք մեզ մեկընդմիշտ ապահովագրենք»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա ավելացրեց` եթե Ռուսաստանի համապատասխան կառույցները մտահոգություն ունեն, հայկական կողմը թափանցիկ է և ասում է՝ եկեք, մեզ հետ ստուգեք:
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
