ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո բացատրեց, թե ինչու է դժգոհ դատական համակարգի աշխատանքից` այդ համատեքստում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչու է դժգոհ դատական համակարգի աշխատանքից, եթե նրա ցանկացած գրառումից կամ հայտարարությունից հետո որևէ ընդդիմադիրի դեմ գործ է հարուցվում ու հասնում դատարան։
«Ես պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ 8 տարի Գագիկ Ծառուկյանը կամ էլի մարդիկ եղել են ազատության մեջ, ու իրենց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա։ Հենց էստեղ է պրոբլեմը։ Շատ դեպքերում ես հրապարակային ասել եմ՝ մեր դատաիրավական համակարգը շատ հաճախ վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է»,– պատասխանեց Փաշինյանը։
Նա շեշտեց` դա է ֆունդամենտալ միակ պրոբլեմը, քանի որ սահմանադրական կարգավորումների բերումով դատական համակարգը ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ վերնախավին։
Ըստ Փաշինյանի` առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չի լուծել այդ խնդիրները, ուստի պետք է ընդունել նոր Սահմանադրություն։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
