Երասխից Նախիջևան և Ախուրիկից Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների վերակառուցումը կիրականացվի ՀՀ պետական միջոցների հաշվին։ Կառավարության նիստից հետո այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։

Լրագրողներից մեկը մեջբերեց կառավարության ծրագիրը, որում նշված է` վերակառուցվելու և գործարկվելու են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ Հայաստանի սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ Հայաստանի սահման» երկաթուղային հատվածները, և հարցրեց` արդյոք սա նշանակում է, որ ռուսական կողմը մերժել է ՀՀ դիմումը, որ կառավարությունը նման պարտավորություն է ստանձնել։

«Ո՛չ, չի նշանակում, շինարարությունն իրականացվելու է ՀՀ պետական միջոցների հաշվին»,– կարճ պատասխանեց Փաշինյանը։

Հիշեցնենք` հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման հարցին։ Խոսքը Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների մասին է, որոնք 1980-ականների վերջից չեն շահագործվում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 13-ին հայտարարեց, որ Հայաստանը երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածները կառուցելու համար բանակցում է Ռուսաստանի Դաշնության հետ։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը օգոստոսի 6-ին հայտարարեց, որ Ռուսաստանը տարեսկզբին հայտնել է, որ պատրաստ է մասնակցել այդ երկու կարևոր երկաթուղային հատվածների վերականգնմանը։

Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Իսկ մարտի 26-ին հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։

Share.