Hyundai ընկերությունը Հարավային Կորեայում ներկայացրել է Tucson քրոսովերի հինգերորդ սերունդը՝ ամբողջությամբ փոխելով դրա արտաքին տեսքը, հայտնում է Autocar-ը։
Բրենդի ամենահայտնի միջին չափի ամենագնացներից մեկը ստացել է ավելի անկյունային և զանգվածային դիզայն՝ արտահայտված արտաճանապարհային գծերով։
Նոր Tucson-ը նկատելիորեն տարբերվում է ներկայիս մոդելից՝ իր ավելի կլորացված ձևերով։ Մեքենան ստացել է ուղղահայաց երկծավալ սիլուետ, լայնացված անվահեծերի կամարներ, թափքի ստորին հատվածի պաշտպանիչ երեսպատում և առջևի բամպերի ստորին մասում մեծ պաշտպանիչ ներդիր։

Դիզայնը կատարվել է Hyundai-ի նոր ոճով՝ Art of Steel անվանմամբ, որը ընկերությունը մտադիր է աստիճանաբար տարածել նաև այլ մոդելների վրա։ Այս ուղղությունը ստացած առաջին ավտոմեքենաներից մեկը նոր ջրածնային Nexo-ն էր։

Tucson-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը դարձել են H տառի ձևով լուսային տարրերը։ Առջևից և հետևից դրանք ձևավորվում են թափքը եզերող բարակ հորիզոնական լուսային շերտով և ուղղահայաց ցերեկային ընթացքի լույսերով։ Դրա շնորհիվ մեքենան հեշտ ճանաչելի լուսային էֆեկտ է ստացել։

Hyundai-ի ներկայացուցիչների խոսքով՝ նոր տեսքը պետք է ընդգծի SUV-ներին բնորոշ կայուն նստվածքը և ավելի ամուր ու արտաճանապարհային պայմաններին պատրաստ տեսք հաղորդի Tucson-ին։ Միևնույն ժամանակ մոդելը շարունակում է մրցակցել Toyota RAV4-ի հետ կոմպակտ և միջին չափի քրոսովերների սեգմենտում։
Tucson-ի նոր սերունդը Hyundai-ի մոդելային շարքի թարմացման առանցքային ավտոմեքենաներից մեկը կդառնա։ Ընկերությունը դեռևս ամբողջությամբ չի բացահայտել տեխնիկական բնութագրերն ու ուժային կայանների վերաբերյալ մանրամասները։
