Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչները սկսել են պեղումներ իրականացնել Սիրիայի Դեյր էզ-Զոր նահանգի մի օբյեկտում, որը, ենթադրաբար, կապված էր նախկին նախագահ Բաշար Ասադի կառավարության գաղտնի միջուկային ծրագրի հետ։ Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հայտնում է Associated Press-ը։
Նրա խոսքով՝ ինքը գործակալության աշխատակիցների հետ անձամբ այցելել է օբյեկտ, որտեղ այժմ լայնածավալ պեղումներ և տարածքի հետազոտություն են իրականացվում։
«Մենք իմ թիմի հետ գտնվում էինք Դեյր էզ-Զորի օբյեկտի ներսում, որտեղ այժմ իրականացվում են շատ լայնածավալ պեղումներ և հետազոտական աշխատանքներ», — ասել է Գրոսին Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում։
ԱԷՄԳ-ի ղեկավարը նաև հայտնել է միջուկային նյութ պարունակող ևս մեկ օբյեկտի հայտնաբերման մասին, սակայն չի բացահայտել դրա գտնվելու վայրը և այլ մանրամասներ։
Գրոսին ընդգծել է, որ ԱԷՄԳ-ի հետ Սիրիայի նոր իշխանությունների համագործակցությունը «հսկայական նշանակություն» ունի։ Նրա խոսքով՝ խոսքը մի քանի տոննա միջուկային նյութի մասին է, որը տեսականորեն կարող է օգտագործվել վնասակար նպատակներով։
«Սիրիան որոշել է բացել այս օբյեկտը ԱԷՄԳ-ի տեսուչների համար։ Այս նյութը կհաշվառվի և կտեղադրվի միջազգային երաշխիքների համակարգի ներքո», — հայտարարել է նա։
ԱԷՄԳ-ի ղեկավարը նշել է, որ Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են գործակալության հետ լիարժեք համագործակցության պատրաստակամության մասին։ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ աշ-Շիբանին, իր հերթին, հայտարարել է, որ հայտնաբերված նյութը վտանգ չի ներկայացնում և կմնա Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ (ԱԷՄԳ-ի միջազգային երաշխիքների պահպանմամբ)։
Ասադի իշխանության օրոք Սիրիան ծավալում էր չհայտարարագրված միջուկային գործունեություն, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի աջակցությամբ միջուկային ռեակտոր էր կառուցում Դեյր էզ Զորում։ Օբյեկտը ոչնչացվեց 2007 թվականին Իսրայելի ավիահարվածի հետևանքով։ Ավելի ուշ սիրիական իշխանությունները հիմնահատակ քանդեցին կառույցն ու այդպես էլ ԱԷՄԳ-ին չտրամադրեցին օբյեկտի վերաբերյալ սպառիչ պատասխաններ։
2024 թվականին ԱԷՄԳ-ի տեսուչները նմուշներ էին վերցրել Սիրիայի երեք օբյեկտում։ 2025 թվականին գործակալությունը հայտնել էր դրանցից մեկում ուրանի հետքերի հայտնաբերման մասին։
Սիրիայի նոր իշխանությունները նաև հայտարարել են խաղաղ միջուկային էներգետիկան զարգացնելու մտադրության մասին։
