Lamborghini ընկերությունը Revuelto հիբրիդային հիպերքարը վերածել է նոր Super Veloce տարբերակի՝ Revuelto SV-ի, հաղորդում է Autocar-ը։
Մոդելը ստացել է ավելի հզոր ուժային ագրեգատ, բարելավված աերոդինամիկա և շասսիի կարգավորումներ, որոնք ուղղված են Lamborghini-ի մրցարշավային ավտոմեքենաների տեխնոլոգիաներին։
Revuelto SV-ի հիմքում մնացել է 6,5 լիտրանոց մթնոլորտային V12-ը, որն աշխատում է երեք էլեկտրաշարժիչների հետ միասին։ Սակայն մարտկոցի տարողությունը մեծացվել է մինչև 7,3 կՎտ⋅ժ, ինչի շնորհիվ համակցված հզորությունն աճել է 50 ձիաուժով՝ հասնելով 1051 ձիաուժի։ Սա ավելի շատ է, քան մրցակից Ferrari 849 Testarossa-ինը՝ 1036 ձիաուժ։
Մինչև 100 կմ/ժ Revuelto SV-ը արագանում է 2,4 վայրկյանում։

Նոր տարբերակի գլխավոր տարբերություններից մեկը աերոդինամիկան է։
Կախոցի կարգավորումները մշակվել են՝ հաշվի առնելով Lamborghini Squadra Corse մրցարշավային ստորաբաժանման փորձը։ Ավտոմեքենան ստացել է սեղմման և հետադարձի ձեռքով կարգավորվող նոր ամորտիզատորներ։ Յուրաքանչյուր անիվի համար նախատեսված է կարծրության 14 դիրք, իսկ Lamborghini-ի ինժեներները կպատրաստեն առաջարկվող կարգավորումներ սովորական ճանապարհների, թրեքի և թաց ծածկույթով երթևեկության համար։
Արգելակային համակարգը նույնպես արդիականացվել է․ Revuelto SV-ը ստացել է նոր ածխածնա-կերամիկական արգելակներ՝ առջևում 420 մմ և հետևում 410 մմ տրամագծով։ Բացի այդ, մոդելը համալրված է 6D սենսորների համակարգով, որն առաջին անգամ ներկայացվել էր Temerario-ում։ Այն հետևում է թափքի երկայնական և լայնական շարժումներին, ինչպես նաև ավտոմեքենայի պտույտին երեք առանցքների շուրջ՝ թույլ տալով ավելի ճշգրիտ վերահսկել նրա վարքը։
Lamborghini-ի տվյալներով, արդիականացված արգելակային համակարգը թույլ է տալիս բարձր ծանրաբեռնվածությունների դեպքում 11%-ով բարձրացնել դանդաղեցման արդյունավետությունը, իսկ արգելակման ուղին կրճատել մոտ 10%-ով։ Բացի այդ, բարձրացվել է արգելակների դիմադրությունը գերտաքացման և արդյունավետության կորստի նկատմամբ։
Ավելի բազմակողմանի շահագործման համար հասանելի են Potenza Sport անվադողերը։
Սրահում շեշտը դրված է ավտոմեքենայի սպորտային բնույթի վրա։ Նստատեղերը պատրաստված են ամբողջական ածխածնային տարրից և ոգեշնչված են սահմանափակ թողարկմամբ Lamborghini Fenomeno-ի նստատեղերի դիզայնից։ Ածխածինն օգտագործվել է նաև դռների վահանակներում։

Միևնույն ժամանակ թեթև նյութերի կիրառումը չթույլատրեց էապես նվազեցնել ավտոմեքենայի զանգվածը․ մեծացված հիբրիդային մարտկոցի հավելյալ քաշը մասամբ փոխհատուցում է ածխածնի օգտագործումից ստացված շահույթը։
Lamborghini-ն առայժմ չի բացահայտել Revuelto SV-ի գինը, սակայն ակնկալվում է, որ այն կգերազանցի 575 000 եվրոն։ Արտադրությունը կսահմանափակվի երկու տարով, իսկ առաջին ավտոմեքենաները գնորդներին պետք է հասնեն 2027 թվականի սկզբին։

