Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի հարավում ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք է խոցել:
«MQ-9 անօդաչու թռչող սարքը վնասազերծվել և խոցվել է ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության կատարելագործված համակարգի միջոցով Հորմոզգան նահանգի օդային տարածքում», – ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` տարածաշրջանում իրավիճակը սրվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հունիսի 18-ին Թեհրանի հետ կնքված հրադադարի մասին համաձայնագիրն այլևս չի գործում: Դրանից հետո ամերիկյան զորքը մի շարք հարվածներ հասցրեց Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, որ գրոհները ձեռնարկվել են ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող քաղաքացիական նավերի դեմ սադրանքների:
Իրանցի զինվորականները պատասխանեցին Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ուղղված հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրեց ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
