Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքեր կսահմանի անօդաչու սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրա, այդ թվում՝ ԱՄՆ-ի մի շարք կարևոր դաշնակիցներից ներմուծվողների համար։ Թրամփի վարչակազմում պարզաբանել են, որ երկիրը «չափազանց կախված» է դարձել անօդաչու թռչող սարքերի օտարերկրյա մատակարարումներից, հաղորդում է Reuters-ը։
Թրամփի ստորագրած հռչակագրի համաձայն՝ Սպիտակ տունը 100 տոկոսանոց ներմուծման մաքսատուրք (ad valorem) է սահմանում որոշակի չափի կամ ազգային անվտանգության համար առանձնակի զգայուն համարվող որոշ բնութագրերով դրոնների վրա։ Ավելի փոքր չափի դրոնների նկատմամբ կկիրառվի 25% մաքսատուրք։
15% մաքսատուրք կսահմանվի Եվրոպական միությունից, Ճապոնիայից, Լիխտենշտեյնից, Հարավային Կորեայից, Շվեյցարիայից և Թայվանից ներմուծվող անօդաչու սարքերի և բաղադրիչների վրա, իսկ Մեծ Բրիտանիայից եկող դրոնների համար դրույքաչափը կկազմի 10%, հավելել են Սպիտակ տանը։
Սպիտակ տան հրապարակած հռչակագրի տեքստում Թրամփը նշել է, որ առևտրի նախարար Հովարդ Լութնիկը հետաքննություն է անցկացրել անօդաչու ավիացիոն համակարգերի (ԱԱՀ) ներմուծման ազդեցության վերաբերյալ։
«Նախարարը պարզել է, որ անօդաչու ավիացիոն համակարգերի օտարերկրյա արտադրողների ներթափանցումը շուկա զգալի է, իսկ Միացյալ Նահանգները չափից ավելի կախված են ԱԱՀ-ի և դրանց բաղադրիչների արտասահմանյան աղբյուրներից», — հայտարարել է Թրամփը։
Լութնիկը եզրակացրել է, որ որոշ արտասահմանյան երկրներից եկող դրոններն ու պահեստամասերը «անվտանգության ռիսկեր են ներկայացնում», իսկ ամերիկյան ներքին արդյունաբերությունը բավարար ծավալով արտադրանք չի թողարկում պաշտպանական կարիքները բավարարելու համար, ընդգծել է Թրամփը։
Մաքսատուրքերը կմտնեն ուժի մեջ 21 օր անց։
Անօդաչու սարքերի ոչ զգայուն բաղադրիչների համար այդ ժամկետը կկազմի 180 օր՝ փաստաթղթի ստորագրման պահից։ Նմանատիպ 180-օրյա հետաձգում նախատեսված է նաև այն արտադրանքի համար, որի նկատմամբ Պենտագոնը կհաստատի բացառություն Կապի դաշնային հանձնաժողովի «Ծածկվող ապրանքների ցանկից» (Covered List)՝ ստորագրումից հետո 20 օրվա ընթացքում։
