Օգոստոսի 1-ին այրվածքներ ստացած 1 տարեկան 8 ամսական աղջիկ երեխայի մոտ կա դրական տեղաշարժ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։ Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների խիստ հսկողության ներքո։ Այսօր կարողացել է նստել, նախաճաշել է։ Նա սուրճը թափել է վրան, ինչի հետեւանքով մարմնի 15 տոկոսն այրվել էր։
Հիշեցնենք, որ երեխան այրվածքները ստացել էր օգոստոսի 1-ին, սակայն ծնողները չէին դիմել բժշկի, այլ գերադասել էին բուժումն իրականացնել տնային պայմաններում, անհայտ բաղադրությամբ քսուքի միջոցով:
Գործողության հետեւանքով երեխայի վիճակը ծանրացել էր, որից հետո ծնողները դիմել էին տեղամասային պոլիկլինիկա: Տեղամասային բժիշկը նրանց տրամադրել էր ուղեգիր՝ բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու, սակայն ծնողները կրկին չէին դիմել բժշկական կենտրոն եւ շարունակել էին նույն «մեթոդով» բուժումը:
Երեխայի վիճակը գնալով ծանրացել էր եւ միայն օգոստոսի 4-ին դիմել էին Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, անմիջապես հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունք: Ընդունման պահին երեխայի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, գիտակցությունը՝ մթագնած։
0Comments