Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի. սա կլինի տապի արդեն հինգերորդ ալիքը 2026 թվականի ամռան ընթացքում: Այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը: Որոշ շրջաններում, մասնավորապես՝ հանրապետության հարավում, օդը կտաքանա առնվազն մինչև 40 աստիճան Ցելսիուս:

Ջերմաստիճանը կբարձրանա օգոստոսի 11-ից: Օգոստոսի 12-ից օդի ջերմաստիճանը գրեթե ամբողջ երկրում կգերազանցի 30 աստիճանը, բացառությամբ Բրետանի, Լա Մանշի ափի (արևմուտք) և Ակվիտանիայի (հարավ-արևմուտք) հարավի մի մասի: Օգոստոսի 13-ին Ֆրանսիայի արևելյան տարածաշրջաններում սպասվում է մինչև 40 աստիճան Ցելսիուս: Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է 32 աստիճան Փարիզում, 35 աստիճան Լիոնում, 36 աստիճան Թուլուզում և մինչև 39 աստիճան Մոնտելիմարում:

Տապը չի նահանջի առնվազն մինչև օգոստոսի 15-ը:

Հունիսի երկրորդ կեսին Եվրոպայում հաստատվել էր չափազանց շոգ եղանակ: Արևմտյան Եվրոպայի երկրներում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը:

Հուլիսի 9-ին եվրոպական «Կոպեռնիկոս» Երկրի հետազոտության ծառայությունը հաստատել է, որ հունիսը դարձել է ամենաշոգն օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ Երկրի մակերևույթի մոտ օդի 20,74 աստիճան միջին ջերմաստիճանով։

Financial Times թերթի տվյալներով՝ Ֆրանսիայում, Իսպանիայում և Եվրոպայի այլ մասերում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարի համար ԵՄ երկրների ծախսերն այս տարի արդեն զգալիորեն գերազանցել են 3 միլիարդ եվրոն:

Share.