Վրացի մաքսավորները կանխել են եվրոպական ծագում ունեցող, պատժամիջոցների տակ գտնվող բեռի տարանցման փորձը Թուրքիայից Ռուսաստան՝ ադրբեջանական փոխադրողի միջոցով։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, փոխանցել են տեղի լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24-ին «Սարփի» անցակետում, Թուրքիայից մուտք գործած, Ադրբեջանի քաղաքացու կողմից կառավարվող բեռնատարի հետ կապված։ Փաստաթղթերի ստուգման ընթացքում մաքսավորները պարզել են, որ բեռն արտադրված է ԵՄ-ում և ուղարկվում է ՌԴ։ Եվրամիության պատժամիջոցային սահմանափակումների հիման վրա բեռնատարը հետ են դարձրել և ուղարկել թուրքական տարածք։

Մի քանի ժամ անց նույն մեքենան կրկին փորձել է հատել սահմանը։ Այս անգամ վարորդը ներկայացրել է ծագման նոր սերտիֆիկատ, ըստ որի՝ ապրանքներն իբր արտադրվել էին Թուրքիայում։ Սակայն զննության ժամանակ մաքսավորները գործարանային պիտակների վրա հայտնաբերել են արտադրության իրական երկրները՝ Գերմանիա և Խորվաթիա։

Փաստաթղթերի կեղծման և պատժամիջոցային վերահսկողությունը շրջանցելու փորձի կասկածով գործի նյութերը փոխանցվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։ Թե կոնկրետ ինչ ապրանքների մասին է խոսքը՝ չի ճշտվում։

Գերատեսչությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական լրատվամիջոցների՝ վրացական սահմանին ադրբեջանական համարանիշներով բեռնատարների ուշացման մասին տեղեկությունների ֆոնին։ Ի դեպ, ծառայությունն ուղղակիորեն չի կապում այս իրադարձությունները սրա հետ։

Ավելի վաղ գերատեսչությունում հայտնել էին, որ ստուգում են լրագրողների նկարագրած փաստերը՝ ընդգծելով, որ անցակետերով բեռների տեղափոխումն իրականացվում է անխոչընդոտ։

Share.