Մոսկվան կոչ է անում Պարսից ծոցում հակամարտության բոլոր կողմերին ցուցաբերել պատասխանատու մոտեցում, զսպվածություն և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հակամարտության աշխարհագրության ընդլայնում հրահրել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է նախարարության կայքում։

«Ցավով փաստում ենք, որ Պարսից ծոցում լարվածության սրացումը թափ է հավաքում։ Կողմերը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել, ինչի հետևանքով մեծ վնաս է պատճառվում Իրանի և արաբական պետությունների քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հորմուզի նեղուցում և Կարմիր ծովում նավագնացությունը դադարեցնելու վտանգը մեծացել է», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ստեղծվող իրավիճակը լրացուցիչ բարդություններ է ստեղծում տարածաշրջանային միջնորդական ջանքերի համար, որոնք ուղղված են վերականգնելու բանակցային գործընթացը ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսի 17-ին ստորագրված «Իսլամաբադի հուշագրի» հիման վրա։

«Այս առումով կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ցուցաբերել պատասխանատու մոտեցում և զսպվածություն, ինչպես նաև զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են զինված հակամարտության աշխարհագրության ընդլայնում և Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի հետագա վատթարացում հրահրել։ Իրավիճակի բացասական սցենարով զարգացումը կարող է հետևանքներ ունենալ միջազգային էներգետիկ և պարենային անվտանգության համար», – ասվում է ՌԴ ԱԳՆ–ի մեկնաբանության մեջ։

Նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան հետևողականորեն պաշտպանում է ռազմավարական այս կարևոր տարածաշրջանում առկա տարաձայնությունները քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու կարևորությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր պետությունների շահերը։

«Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել այս նպատակին հասնելու համար», – նշվում է մեկնաբանության մեջ։

Share.