Բրիտանացի սննդաբան Իզաբել Նանը հայտարարել է, որ օրգանիզմը հատուկ «դետոքս» ծրագրերի, կաթիլային ներարկումների կամ կենսաբանական ակտիվ հավելումների կարիք չունի, քանի որ մարդու մարմինն ինքնուրույն է կատարում մաքրման գործընթացը։ Այս մասին նա ասել է Metro պարբերականին տված հարցազրույցում։

Մասնագետի խոսքով՝ շատերը կարծում են, թե շատակերությունից կամ տոնական օրերից հետո անհրաժեշտ է օրգանիզմը «մաքրել», սակայն իրականում այդ գործառույթը բնականաբար իրականացնում են լյարդն ու երիկամները։ Նրա խոսքով՝ այս օրգանները մշակում և հեռացնում են օրգանիզմի թափոնները, ուստի, օրինակ, հյութային «դետոքս» ծրագրերը գիտական հիմնավորում չունեն։

Առողջությունը պահպանելու համար Նանը խորհուրդ է տվել հետևել հավասարակշռված սննդակարգի, բավարար քանակությամբ ջուր օգտագործել և լիարժեք քնել։ Ավելի վաղ գաստրոէնտերոլոգ Անդրեյ Սիմակովը նույնպես զգուշացրել էր «դետոքս» կաթիլային ներարկումների վտանգների մասին՝ հատկապես այն ծրագրերի դեպքում, որոնք զուգորդվում են սովապահությամբ, հյութային սննդակարգով կամ սննդի խիստ սահմանափակումներով։

Share.