Թեհրանը զգուշացնում է` եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանի ենթակառուցվածքներին, ապա ԱՄԷ-ի օդանավակայաններն ու նավահանգիստները կենթարկվեն հարձակման։ Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը։

«Եթե այս գիշեր ԱՄՆ-ն հարված հասցնի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ապա մարդկանց կյանքը պահպանելու համար պետք է նրանց անհապաղ տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայաններից, ինչպես նաև Ֆուջեյրայի և Ջաբել Ալիի նավահանգիստներից,- լրատվամիջոցին ասել է Իրանի ԶՈւ ներկայացուցիչը:

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել էր, որ Թեհրանը կասեցրել է ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Share.