Նիժնի Նովգորոդում բնակվող հայուհուն հաջողվել է դեղձենի աճեցնել հայրենիքից բերված կորիզներից

Մարինե Գևորգյանը նշել է, որ առաջին բերքին նա սպասել է ավելի քան 5 տարի

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում իր համար անսովոր եղանակային պայմաններում աճող դեղձենին առաջին անգամ պտուղ է տվել: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, բնակչուհիներից մեկը տարիներ առաջ ցանել է Հայաստանից բերված մրգի կորիզները:

Մարինե Գևորգյանը նշել է, որ առաջին բերքին նա սպասել է ավելի քան 5 տարի: Նա 2013 թվականին 7 կորիզ է ցանել, որոնցից երկուսն էլ ծառ են դարձել: Մարինեի խոսքով՝ ինքը չէր հավատում, որ ծառը բերք կտա, այլ մտածում էր, որ այն դեկորատիվ կլինի:

Այգեգործը հույս ունի հասած բերք հավաքել օգոստոսին: Նիժնի Նովգորոդի պետական գյուղատնտեսական ակադեմիայի մասնագետները նշել են, որ շրջանի կլիմայական բայմաններում դեղձ աճեցնելը բարդ է, սակայն «հարավային» բույսերի աճեցման փորձն արդեն տասը տարվա պատմություն ունի: