ՀՀ առողջապահության նախարարության եւ Առողջապահության ու աշխատանքի տեսչական մարմնի ջրերը սկսել են մեկ առվով չհոսել, ավելին՝ այս երկու պետական մարմինների միջեւ տեւական ժամանակ է, ինչ սկսվել է միջգերատեսչական գզվռտոց։ Այդ մասին գրում է մամուլը: Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի կոշտ հայտարարությունն անձամբ առողջապահության նախարարի վերաբերյալ եւ նաեւ առողջապահության նախարարի մեկնաբանությունները տեսչական մարմնի աշխատաոճի մասին իսկական ճակատամարտ են հիշեցնում: Բանը հասել է «դիվանբաշուն», եւ հիմա վարչապետը պետք է որոշում կայացնի:
Սակայն, որքան էլ որ փորձում ենք չեզոք դիրք գրավելով հետեւել իրադարձություններին, այնուամենայնիվ, առողջապահության նախարարի կեցվածքը մարդուն հունից հանում է: Ահավասիկ․ հուլիսի 8-ին «ֆեյսբուքյան ասուլիսում» առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ 08.07.2019, ասում է, որ տեսչական մարմինների բարեփոխող հանձնաժողովի աշխատանքը վատ է եղել, որ «տեսչական բարեփոխումները մղձավանջ են բերել բոլոր ոլորտներում», եւ ոչ միայն առողջապահության ոլորտին է վերաբերում այդ մղձավանջը, այլեւ բոլոր ոլորտներին:
Ստացվում է, որ մինչեւ հիմա որեւէ մղձավանջ չկար, իսկ հենց իրեն քննադատեցին, մղձավանջը միանգամից հայտնվեց: Լինելով Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ՝ ոչ մի անգամ նա չի արտահայտվել «մղձավանջի» մասին: Միայն հիմա իր «կապրիզն» առաջ տանելու համար այս պաշտոնյան պատրաստ է ոտնատակ տալ բոլորին ու ամեն ինչ՝ տեսչական մարմինների բարեփոխումների հանձնաժողովի հսկայածավալ աշխատանքը, ծախսված հսկա ֆինանսական միջոցները, ստեղծված կառույցները՝ վստահ լինելով, որ իր «ամենայն գերագույն» հովանավորյալն իրեն պաշտպանելու համար նույնպես բոլորին գրողի ծոցը կուղարկի: Որտեղի՞ց այսքան ինքնավստահություն, որտեղի՞ց այսպիսի ցինիկ պահվածք:
Նախ հարկավոր է նախարարին մեկ անգամ եւս հիշեցնել, որ Առողջապահական տեսչական մամինը, նախկինում գործելով նախարարությունների կազմում, վերածվել էր նախարարի կցորդի եւ հլու-հնազանդ կատարում էր նրա «պատվերները»: Հանելով նախարարության ենթակայությունից եւ առանձնացնելով՝ մի շատ կարեւոր եւ առանցքային հարց լուծվեց: Այդ մարմինը ձեռք բերեց անկախություն, եւ իսկապես հնարավոր դարձավ հսկողական գործառույթների իրականացում, որը հենց այդ կառույցի առաքելությունն է։ Սակայն նախարարը դա չի կարողանում հանդուրժել: Իրե՞ն հսկեն՝ էդ ո՞վ է համարձակվում:
Նախարարության կազմում այսօր գործում է Առողջապահական պետական գործակալությունը, որի առաքելությունը նույնպես, իրավական կարգավորումների համաձայն, որակյալ բուժծառայությունների մատուցումն է՝ պետական պատվերի շրջանակներում: Սակայն այն այսօր իսկապես վերածվել է անգործունակ ու անմեղսունակ հավելումի: Իսկ դա նախարարը չտեսնելու է տալիս, որովհետեւ նրանք իր կամակատարներն են: «Բերեք, ինձ ենթակա սարքեք նաեւ տեսչական մարմինը, որ համարձակվել է քննադատել ինձ»․ սա է նրա անհագուրդ ցանկությունը:
Մամուլը բազմիցս է անդրադարձել այն փաստին, որ նախորդ իշխանությունների ժամանակ, որքան էլ որ նախկին իշխանությունները ճպճպում էին կոռուպցիայի մեջ, այնուամենայնիվ, ցուցաբերեցին այնքան քաղաքական կամք եւ պատասխանատվություն, որ հայտարարեցին ու ստանձնեցին առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի համապարփակ ուսումնասիրման եւ դրանց չեզոքացման ծրագրերի իրականացումը:
Նախ՝ ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը հաստատել, եւ ապա կառավարության կողմից հասաստվել են առողջապահության ոլորտի բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերի առկայությունը, դրանց հաղթահարման միջոցառումները եւ ժամկետները:
Սակայն բազմելով առողջապահության նախարարի աթոռին՝ այս չինովնիկն իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում այդ միջոցառումների միայն 3 տոկոսն է իրականացրել եւ չիրականացված ու ձախողված ծրագրերի համար որեւէ պատասխանատվության չի ենթարկվել: Դե եթե նա կարողանում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջարկներն ու հակակոռուպցիոն առանցքային ծրագրերը ձախողել ու դրա համար որեւէ պատասխանատվության չենթարկվել, ապա ի՞նչ է եղել, որ չկարողանա մի տեսչական մարմնի ղեկավար փոխել տալ:
Առողջապահության նախարարի գործունեությունը երկրի ու համակարգի համար վտանգավոր է դարձել, հարկավոր է ամեն ինչ անել՝ նրան կանգնեցնելու համար:
Մնում է «դիվանբաշին» հասկանա այս բոլորը եւ ձեռքը հովանավորյալի գլխից հեռացնի։ Հակառակ դեպքում կհեռացվի ինքն էլ՝ իր հովանավորյալի հետ միասին։ hraparak.am
Սերոբ Մարւթյան
0Comments