Ճապոնացի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է աճեցնել ֆունցիոնալ նեյրոնային ցանցերով ուղեղային օրգանոիդներ, որոնց նաեւ անվանում են «փորձանոթային ուղեղ»: Մարդու ուղեղը նմանակող այս եռաչափ օրգանոիդները կարող են որպես մոդել օգտագործվել դեղամիջոցների փորձարկումների կամ որոշ խանգարումների ուսումնասիրման համար:
MedicalXpress-ը հայտնում է, որ օրգանոիդների ստեղծման համար օգտագործվել են պլյուրիպոտենտային ցողունային բջիջների «գնդեր», որոնք կարող են վերափոխվել մարդկային օրգանիզմի տարբեր հյուսվածքների: Այս բջիջները տեղավորել են սնուցող միջավայրի մեջ, որը նման է կենտրոնական նյարդային համակարգի զարգացման համար անհրաժեշտ միջավայրին: Գիտնականներն այնուհետեւ գնաահատել են նեյրոնների ակտիվությունը. դրա համար նրանք հետեւել են բջիջներում կալցիումի իոնների փոփոխություններին, որոնք անհրաժեշտ են գործողության պոտենցիալի առաջացման համար:
Գիտնականները կարողացել են հաջողությամբ տեսանելի դարձնել ստացած օրգանոիդների նեյրոնային ցանցերում, ինչպես նաեւ առանձին նեյրոններում համաժամանակյա եւ ոչ համաժամանակյա ակտիվությունները: Համաժամանակյա նեյրոնային ակտիվությունը ուղեղի տարբեր ֆունկցիաների հիմքն է:
Գիտնականների ստացած օրգանոիդները մարդկային ուղեղի պարզեցված տարբերակն են: Դրանց չեն բավականացնում աջակցող կառուցվածքները, ինչպես՝ արյունատար անոթները եւ շրջապատող հյուսվածքները, եւ դրանք չեն կարող «մտածել»: Բայց քանի որ որոշ բազային նեյրոնային ակտիվություն ունեն եւ կարող են նմանակել ուղեղի զարգացումը, դրանք կարելի է օգտագործել զարգացման բարդ խախտումների եւ նեւրոլոգիական խանգարումների ուսումնասիրման համար:
Գիտնականները վստահ են, որ այս փորձը լույս կսփռի հիշողության հիմքում ընկած պրոցեսների եւ անգամ հոգեկան հիվանդությունների զարգացման մեխանիզմների վրա:
0Comments