Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Աբդուլլահ բեն Զայիդ Ալ Նահայյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Զրույցի մասին հաղորդում է Արաբական Միացյալ Էմիրությունների պետական WAM գործակալությունը։
Զրույցի ընթացքում Ալ Նահայյանն ընդգծել է համաձայնագրի պայմանների լիարժեք պահպանման անհրաժեշտությունը, ներառյալ տարածաշրջանում մարտական գործողությունների դադարեցումը։
Նա հայտարարել է պետությունների ինքնիշխանության, բարիդրացիության սկզբունքների հարգման, միջազգային իրավունքի խիստ պահպանման, ինչպես նաև ծովային ուղիների պաշտպանության և միջազգային նավագնացության ազատության կարևորության մասին՝ ներառյալ Հորմուզի նեղուցով անխափան տեղաշարժի ապահովումը։
Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կհանգեցնեն դրական արդյունքների և կապահովեն կայուն անվտանգություն ու կայունություն տարածաշրջանում։
Նրա խոսքով՝ լրջմիտ դիվանագիտությունը և պատասխանատու երկխոսությունը մնում են տարածաշրջանային ու միջազգային ճգնաժամերի լուծման լավագույն միջոցը։
