Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում հիվանդանոցները ստիպված են եղել կրճատել մատուցվող ծառայությունների ծավալը, իսկ հազարավոր վիրահատություններ կարող են չեղարկվել հունիսյան ռեկորդային շոգի պատճառով։ Այս մասին, ըստ news.am-ի, հայտնում է Financial Times (FT) պարբերականը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Հարավային Անգլիայի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը մոտեցել է 36 աստիճան Ցելսիուսին, ինչը հունիս ամսվա համար ռեկորդային ցուցանիշ է։ Անոմալ շոգի պատճառով մի քանի բժշկական հաստատություններում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Մասնավորապես՝ Արևելյան Սուրեյի հիվանդանոցը, Ուելսի Էնյուրին Բիվենի անվան համալսարանական առողջապահական խորհուրդը և Պորտսմուտի թագուհի Ալեքսանդրայի հոսպիտալը հայտնել են աշխատանքային խափանումների մասին՝ տարածքների գերտաքացման և հովացման համակարգերի անբավարար հզորության պատճառով։ Որոշ վիրահատարաններ, ախտորոշման բաժանմունքներ և հիվանդանոցային այլ գոտիներ ոչ անվտանգ են համարվել լիարժեք աշխատանքի համար։
Ինչպես նշում է FT-ն՝ հղում անելով Բիրմինգհեմի համալսարանի գիտնականների հաշվարկներին, շաբաթվա չորս ամենաշոգ օրերի ընթացքում չեղարկման վտանգի տակ է հայտնվել 1400-ից մինչև 4000 վիրահատություն։ Պատճառների թվում նշվում են անձնակազմի պակասը, վիրահատությունների անցկացման համար ոչ անվտանգ պայմանները և շոգի պատճառով օգնության կարիք ունեցող պացիենտների թվի աճը։
Պարբերականը նաև հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիայի Կլիմայի փոփոխության կոմիտեի գնահատմամբ՝ Անգլիայի հիվանդանոցային շենքերի մոտ 90%-ը հակված է գերտաքացման։ Որոշ հիվանդասենյակներում ջերմաստիճանը կարող է անցնել 30 աստիճանից՝ նույնիսկ այն դեպքում, երբ դրսում եղանակը զգալիորեն ավելի զով է։
