Օրերս կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե որոշ ուժեր հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի դեմ: «Կան մարդիկ, որոնք ցանկանում են երկրում քաոսային վիճակ ստեղծել, և քանի որ չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցերում, մամուլում գրեն՝ քաոսային վիճակ է, լարված իրավիճակ է, ներքաղաքական անկայունություն է, պայթյունավտանգ իրավիճակ է։ Սա արդեն իսկապես ազգային անվտանգության խնդիր է, պարո՛ն Վանեցյան: Այսինքն՝ հիբրիդային պատերազմ են վարում այդ մարդիկ կոնկրետ ՀՀ-ի դեմ, և այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի են: Հասկացանք՝ մեկ, երկու, երեք, չորս… այսինքն՝ այդ գող-ավազակները պետք է իրենց լա՞վ զգան այս երկրում. նրանք պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է, և լրջորեն զբաղվեք այս հարցով»,- ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքագետ Արկադի Վարդանյանը կարծում է, որ վարչապետի մտահոգությունը միանգամայն տեղին է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարդանյանը մասնավորապես նշեց. «Ես գիտեմ, թե նրանք ովքեր են, և գիտեմ նաև աղբյուրը։ Բազմիցս այդ մասին շեշտել ու խոսել եմ. աղբյուրը Ռուսաստանն է։ Եվ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ վարում է ոչ միայն մեր, այլև բոլոր նախկին սովետական հանրապետությունների նկատմամբ, ովքեր եվրոպական ճանապարհն են ընտրել, այսինքն՝ գնում են դեպի ժողովրդավարություն։ Իհարկե, դա Ռուսաստանին ձեռք չի տալիս, և Ռուսաստանը ամեն կերպ այդ պատերազմը հրահրում է տարբեր տարածքներում, իսկ վերջին շրջանում՝ շատ ընդգծված նաև մեր դեմ»։
Մեր այն դիտարկմանը, թե ովքեր են Հայաստանում դրա սպասարկողները, Արկադի Վարդանյանը պատասխանեց. «Դրանք ծախու մարդիկ են, ինչպես նաև նախկին հանցագործ իշխանության կցորդները, մանկլավիկներն ու կցորդներն են։ Վտանգը գնալով ահագնանում է, ես տեսնում եմ, որ ավելի ու ավելի շատ ջանքեր են գործադրվում՝ փորձելով այստեղ քաոսային իրավիճակ ստեղծել և ցույց տալ, թե հեղափոխական իշխանությունն ի վիճակի չէ երկիրը ղեկավարելու»։
Արկադի Վարդանյանը մեջբերեց Քոչարյանի գործով դատական նիստերը, նաև վերջինը Վերաքննիչ դատարանում. «Մարդիկ կային, որ բողազները պատռելով գոռգոռում էին՝ Քոչարյան, վերադարձիր, մեզ փրկիր, և այսպես շարունակ։ Սա հիբրիդային պատերազմի դրսևորումներից մեկն է»։
Ամփոփելով՝ քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանը նախկին իշխանությունների միջոցով է հիբրիդային պատերազմ հրահրում: «Եվ իրենց ապօրինի կուտակած ֆինանսատեխնիկական միջոցներով։ Ես չեմ հոգնի կրկնել՝ ամենամեծ սխալը, որ արել է հեղափոխական իշխանությունը, այն է, որ քաղաքական գնահատական չի տրվել նախկին ռեժիմին։ Մինչև այդ գնահատականը ի լուր աշխարհի չտրվի, մեր հասարակությունը չի համոզվի, որ նոր իշխանությունը հստակ քայլերով գնում է դեպի ժողովրդավարություն։ Մինչև այդ գնահատականը չտրվի՝ մնացած ամեն ինչ անիմաստ ու անտրամաբանական է դառնում»,- եզրափակեց նա։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ եթե խոսքը վերաբերում է արտաքին ուժերին, մենք ունենք թշնամիներ՝ Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք որևէ առիթ բաց չեն թողնում նման պատերազմ հրահրելու համար: «Ունենք նաև բարեկամ-դաշնակիցներ, որոնք ունեն իրենց շահերն ու իրենց շահերին համապատասխան են գործում։ Եթե ներքին քաղաքական դաշտին անդրադառնանք, ապա ընդդիմադիրները՝ մասնավորապես քոչարյանական ուժերն ու նախկին ՀՀԿ-ականները փորձում են դաշտը հավաքել և ստեղծել մեկ բևեռ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ղևոնդյանն ընդգծեց՝ բնական է, որ իշխանության հեղինակությունը որոշ ժամանակ հետո կնվազի, և այդ ուժերը փորձում են դառնալ միակ այլընտրանքը. «Իշխանության խնդիրն այս դեպքում այն է, որ կարողանա այդ հիբրիդային պատերազմը վարելու գործընթացում թույլ չտալ ընդդիմադիր ուժերի կենտրոնացում մի հատվածում, այլ ստեղծել տարբեր բևեռներ, որոնք այլընտրանք հանդիսանան իշխանության փոխանցման պահին»։
Նրա դիտարկմամբ՝ ներքաղաքական պայքարի գործընթաց է, ինչը նորմալ է, բայց պետք է ջանալ այնպես անել, որ ամեն ինչ լինի քաղաքական պայքարի կանոններին համապատասխան: «Քանի որ մեզ մոտ քաղաքական դաշտը նոր է ձևավորվում, պետք է առավել աչալուրջ լինել։
Քաղաքակիրթ պայքարի մեթոդներ նախկինում չկային, բոլոր կանոնները որոշում էր նախկին ռեժիմը։ Կոնկրետ նշեմ՝ Աբովյանում հաղթեց ԲՀԿ-ի թեկնածուն, ՀՀԿ-ականներն ու մերձքոչարյանական ուժերը փորձում են այդ հաղթանակը ներկայացնել որպես իրենց կողմի, այսինքն՝ սևերի հաղթանակ։ Իրենց նպատակն այն է, որ երկիրը բաժանեն երկու գույնի, այլընտրանքային գույնը լինեն իրենք, որպեսզի իշխանության փոխանցման պահին լինեն միակ այլընտրանքը։ Իսկ սպիտակների միակ խնդիրն այն է, որ քաղաքական դաշտը դառնա բազմաբևեռ և ոչ երբեք՝ երկբևեռ»,- եզրափակեց նա։
0Comments