Ոչինչ գաղտնի չի մնա

Ամենադրամատիկը Արցախի եւ արցախյան իշխանությունների դեմ տարվող մեկամյա պայքարն է՝ իր բոլոր ելեւէջներով հանդերձ

Մեր երկիրը շուրջ մեկ տարի է՝ դարձել է պայքարի թատերաբեմ։ Սկզբում մենք «Սերժին մերժեցինք», ապա անցանք «մերժման» այլ օջախների, որոնց մեջ էին Ազգային ժողովը՝ հանրապետականներով հանդերձ, ապա՝ որոշ կուսակցություններ, հետո՝ որոշ օլիգարխներ ու պաշտոնյաներ, որոնք չէին կարողացել «լեզու գտնել» եւ ժամանակին «փրկագին» վճարել։

Հետո պայքարի օբյեկտ դարձան դատարանները, որոնք համարձակվել էին իշխանություններին եւ հանրային որոշ շրջանակների չբավարարող վճիռներ արձակել։ Բայց ամենադրամատիկը Արցախի եւ արցախյան իշխանությունների դեմ տարվող մեկամյա պայքարն է՝ իր բոլոր ելեւէջներով հանդերձ։ Մի կողմից, ՀՀ վարչապետը հայտարարում է, որ ինքը լիազորված չէ Արցախի ժողովրդի եւ իշխանությունների անունից որոշումներ կայացնելու-բանակցելու, մյուս կողմից՝ չի կարողանում զերծ մնալ Արցախի ներքին հարցերին միջամտելու գայթակղությունից։ Եվ սխալ չեն այն մարդիկ, ովքեր ասում են՝ ավելի լավ է Արցախի անունից բանակցելու պատասխանատվություն ստանձնեիր, բայց Արցախի նախարարներ փոխելուց ձեռնպահ մնայիր ու կոչեր չանեիր՝ հեղափոխություն անելու։

Տարբեր պաշտոնյաների չթիրախավորեիր ու Արցախում դավադրություններ չփնտրեիր։ Չէ՞ որ սա փոքր երկիր է, եւ ՀՀ վարչապետի յուրաքանչյուր հրահանգ, յուրաքանչյուր խոսք՝ այս կամ այն եղանակով, այսօր կամ վաղը հասանելի է դառնում հանրային լսարանին։ Վերջապես, ազնիվ չէ հանրությանը մի բան ասել, նեղ քննարկումների ժամանակ՝ մեկ այլ բան, ապա հրապարակավ բողոքել, թե ներքին խոսակցությունը դուրս է բերվում եւ «օգնականի» միջոցով հանրայնացվում։ Եթե իսկապես թաքցնելու ոչինչ չունեք, եւ «հողերը հանձնելն» էլ մեր հիվանդ երեւակայության արդյունքն է, ինչո՞ւ եք փակ դռների ետեւում չհրապարակվող տեղեկություններ փոխանցում։