ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ, կրթությամբ իրավաբան Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե դատարանների դռներն արգելափակելու վերաբերյալ վարչապետի կոչն ու այդ ակցիան, առհասարակ, սահմանադրական ու իրավակա՞ն էին, իրավական ո՞ր նորմի մեջ էին տեղավորվում։ «Ես իրավաբանական կրթություն ունեմ, բայց ես քաղաքական գործիչ եմ, այլ ոչ թե իրավաբան»,- հարցից փորձեց խույս տալ պարոն Սիմոնյանը։
- Շատ լավ, որպես քաղաքական գործիչ պատասխանեք, ով իրավաբանական կրթություն ունի․ իրավական ո՞ր նորմի մեջ էր տեղավորվում այդ ակցիան։
- Ժողովրդի կողմից ազատ ցույցեր, երթեր անելու իրավական շրջանակների մեջ։
- Բայց օրենքում հստակ գրված է, որ այդ ազատ ցույցերն ու երթերը պետք է լինեն դատարաններից 50 մետր հեռավորության վրա։
- Տեսեք, Դուք հիմա փորձում եք իրավաբանական դիսկուրսի մեջ բռնկվել, որի մեջ ես չեմ բռնկվելու։ Թող իրավաբանները դրա պատասխանը տան, որոնք զբաղվում են դրանով։
- Մտավախություն չունե՞ք, որ վաղը, երբ դուք իշխանությունից հեռանաք, ձեզ էլ կմեղադրեն սահմանադրական կարգը տապալելու մեջ, քանզի դատարանների աշխատանքն եք արգելափակել մի քանի ժամով։
- Դրանից առաջ Ազգային ժողովն ենք արգելափակել, դրանից առաջ էլի բաներ ենք արգելափակել։ Դա հեղափոխություն է կոչվում։
- Շատ ավելի վատ՝ հոդվածները կխստանան։
- Դե, կխստանան, էդ ժամանակ կխոսենք։
- Չե՞ք մտածում ձեր ապագայի մասին։
- Անձամբ ի՞մ։
- Ե՛վ անձամբ Ձեր, ե՛ւ Ձեր թիմի հեռանկարի մասին, որ մի օր կարող է իշխանություն փոխվել, քանզի հավերժ չեք մնալու, եւ նոր իշխանությունը վրեժ կլուծի ձեզնից։
- Մի օր հաստատ փոխվելու է իշխանությունը, միանշանակ։ Բայց տեսնո՞ւմ եք, եթե պիտի վրեժ լուծեն, դա արդեն իրավական կատեգորիա չէ։
- Իսկ դատարաններն արգելափակելն իրավակա՞ն կատեգորիա է։
- Հարգելիս, Հայաստանի Հանրապետութունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդը կարա արգելափակի կառավարությունը, ժողովուրդը կարա արգելափակի դատարանը, Ազգային ժողովը։
- Ինձ համար գոնե նոնսենս է, խնդրում եմ պարզաբանեք․․․
- Ինչո՞ւ է նոնսենս։ Իսկ երբ որ արգելափակվում էր Ազգային ժողովը, իսկ երբ որ արգելափակվում էին նույն դատարանները հեղափոխության ընթացքում․․․ դա կոչվում է հեղափոխություն։
- Շատ լավ, հիմա կբացատրե՞ք՝ ինչպե՞ս կարող է մեկ տարի պաշտոնավարող երկրի ղեկավարը ինքն իր երկրի դատական համակարգի աշխատանքը խափանել՝ կոչ անելով արգելափակել դատարանների մուտքերը։
- Այ, դա հարցրեք երկրի ղեկավարին։ Ես արգելափակման կոչ արե՞լ եմ։
- Բայց Դուք համաձայն եք, չէ՞, այդ կոչի հետ։
- Ես շատ բանի հետ կարող եմ համաձայն լինել։
- Հիմա Դուք համաձա՞յն եք Փաշինյանի կոչի հետ՝ դատարաններն արգելափակելու վերաբերյալ։
- Ես իմ գնահատականն արդեն տվեցի։ Հարցրեք իրավաբաններին։
- Իրավաբաններին հարցնում ենք, ասում են՝ դա քրեորեն հետապնդելի արարք է։
- Բոլորը միանշանակ էդպե՞ս են ասում։
- Չէ, ոչ բոլորը։ Ձեր թիմակիցներն այդպես չեն ասում։
- Իսկ ոչ մեր թիմակից, բայց հակառակ կարծիք ունեցող չկա՞ ընդհանրապես։
0Comments