ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նախորդ և ներկա իշխանության ներկայացուցիչներն այսօր Ապարանում տոնել են Բաշ-Ապարանի հերոսամարտում տարած հաղթանակը։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Ապարանում ուղեկցել են ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
Եթե Հայաստանում անցած տարի հեղափոխություն է եղել, ապա Աղվան Հովսեփյանի ու շատերի տեղը ոչ թե փոխվարչապետի կողքին է՝ տոնական միջոցառման առաջին շարքերում, այլ միանգամայն այլ տեղում, որտեղ նախկին գլխավոր դատախազը պարտավոր էր պատասխանել մեկուսարան եկած քննչի հարցերին։
Հայաստանում Մարտի 1-ը բացահայտվո՞ւմ է, թե՞ ոչ։ Հարցն առաջին հայացքից է հռետորական, սակայն եթե Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ է, իսկ այս գործի նախաքննությունը նախկինում իրականացրած մարմնի ղեկավար Վահագն Հարությունյանը նույն գործով մեղադրյալ է՝ ապացույցները կեղծելու դրվագով, ու ճողոպրել է՝ հանգրվան գտնելով ռուսաց իշխանության «գրկաբաց օջախում», ապա հարց է առաջանում՝ ի՞նչ գործ ունի Գառնիկիչը մեր երիտասարդ փոխվարչապետի կողքին։
Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանն ո՞ւմ միջոցով են Վահագն Հարությունյանին հանձնարարել՝ կոծկել Մարտի 1-ի բացահայտումը։ Իհարկե՝ Աղվան Հովսեփյանի, որը, սակայն, այսօր «հերոսացվում» է փոխվարչապետի մակարդակով՝ դառնալով հեղափոխության «սիրո ու հանդուրժողականության» մարմնավորումը։
Չեմ էլ զարմանա, որ երեկոյան Ավինյանի գրասենյակը մի հուզաճմլիկ լուր տարածի, թե իբր փոխվարչապետը Հովսեփյանից փորձել է ճշտել Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը կամ կարևոր ինֆորմացիա կորզել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ու նաև չեմ զարմանա, որ հասարակության շրջանում հերթական «լեգենդները» տարածվեն, թե որոշ նախկիններ ինչքան են «մուծվում» ներկաներին։ Մի՛ տվեք առիթը։
Առհասարակ՝ Հայաստանի նոր իշխանության ու Աղվան Հովսեփյանի մեկտեղումը մի վայրում կասկածի տակ է դնում նոր Հայաստանի գոյությունը, որովհետև նախկին գլխավոր դատախազը՝ իր այրունոտ ու ապօրինի հրամաններով, Քոչարյանին ու Սարգսյանին ստորաքարշորեն ծառայելու իր հետևողականությամբ մարմնավորում, խորհրդանշում է քրեաօլիգարխիկ համակարգը, մեր պատմության հրեշավոր էջերից մեկը, որը հարուստ է քաղաքական սպանություններով ու դրանց խայտառակ պարտակումներով, տասնյակ մարդկանց ազատազրկումներով։ Այս ամենի «ճարտարապետը» հենց Աղվան Հովսեփյանն է, որին այսօր մեծարել է Տիգրան Ավինյանը, իհարկե՝ հեղափոխության «թավիշի» միանգամայն «հումանիստական» նկրտումներով»։
0Comments