«Անկախ դատավոր» իրավապաշտպան փաստաբանական գրասենյակի նախագահ Պարգև Օհանյանը դրական է գնահատում անցումային արդարադատություն իրականացնելու իշխանության քայլերը: «Դա նաև անխուսափելի էր, հասունացած, և, այսպես ասած, կատալիզատորը եղան վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ հայտնի գործի քննությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:
Նրա խոսքով՝ «վիրահատությունները» չպետք է իրար հաջորդեն, պետք է օրգանիզմը հանգստանա, որպեսզի առաջին «վիրահատությունից» հետո անցնեն հաջորդին:
Պարգև Օհանյանը նշեց. «Եթե շատ բան պարզ է վեթինգի առումով (միշտ էլ այս կամ այն չափով վեթինգ իրականացվել է, գուցե անունը վեթինգ չի եղել), ապա անցումային արդարադատությունը նախ՝ քաղաքական կամքի դրսևորում է, հետո նոր՝ իրավական: Քաղաքական կամքը, փառք Աստծու, գոյություն ունի: Տեսնենք՝ ինչ կստացվի»:
Դիտարկմանը՝ դատավորների մեծ մասը դեմ է վեթինգի գաղափարին, մեր զրուցակիցը նկատեց. «Գուցե նաև վախենալու բան ունեն, բայց դրանում նրանք հավանաբար ավելի շատ տեսնում են ինքնասիրության, պատվի, արժանապատվության ոտնահարման էլեմենտներ, կամ այլ կերպ ասած՝ հոգևոր ես-ի խնդիր է: Իհարկե, այստեղ մտածելու բան կա, թե ինչպես պետք է արվի, որ մարդու իրավունքները չխախտվեն»:
Պարգև Օհանյանը կարծում է, որ վեթինգ պետք է իրականացվի ոչ միայն դատական իշխանության մեջ, այլ նաև ամենուրեք:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
0Comments