Դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ դատարանի որոշման մասին

Արդեն իսկ ելքագրվել և դատարան է ուղարկվել դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը

ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին:  Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ  Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ դատախազությունը, ինչպես արդեն տեղեկացվել է, վերաքննիչ բողոք է ներկայացնելու Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 18-ին կայացված որոշման դեմ:
Արդեն իսկ ելքագրվել և դատարան է ուղարկվել դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը:

Նշված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց և հիմքերն ուսումնասիրելուց հետո ՀՀ դատախազությունը դիրքորոշում կարտահայտի այս որոշումը բողոքարկելու վերաբերյալ»,- գրել է նա: