Իրանի նախագահ Հասան Ռոհանին մայիսի 8-ին հայտարարել է, որ Իրանը մասամբ կրճատում է միջուկային համաձայնագրի գծով իր պարտավորությունների մի մասի կատարումը՝ Գործողությունների համապարփակ համատեղ պլանի (ԳՀՀՊ) 36-րդ կետի դրույթների համաձայն, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։
Ռոհանին ասել է, որ միջուկային համաձայնագիրը համապատասխանում է տարածաշրջանի եւ ողջ աշխարհի շահերին, եւ երկիրը կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի մնա համաձայնագրում՝ չնայած թշնամիների ցանկությանը։
Իրանը կտեղեկացնի մյուս հինգ կողմերին, որոնք ստորագրել են համաձայնագիրը, իր որոշ պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին, տեղեկացնում է PressTV-ն։
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի դեսպանները նամակ են ստացել Ռոհանիից Իրանի որոշ պարտավորությունների դադարեցման մասին։
Նամակը դեսպաններին հանձնվել է արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչիի կողմից։ Փաստաթղթում հանգամանալից ներկայացվում են որոշման մանրամասները, որոշումն ընդունել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, որի նախագահն է նախագահ Ռոհանին։
Նրանում ասվում է, որ Թեհրանը առավելագույն զսպվածություն եւ համբերություն է ցուցաբերել անցած տարվա մայիսից համաձայնագրից ԱՄՆ դուրս գալու պահից, ինչպես նաեւ մյուս ստորագրողներին «զգալի» ժամանակ է տվել նրանց սեփական խնդրանքով՝ երաշխավորելու Իրանի շահերը։
Իրանը համաձայնագրի մյուս հինգ կողմերին 60 օր է տվել, մինչեւ կսկսի կրճատել իր պարտավորությունների մի մասը, տեղեկացնում է Mehr-ը։
Իրանի ժողովրդի անվտանգության եւ ազգային շահերի պաշտպանության նպատակով Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը կարգադրել է դադարեցնել Իրանի Իսլամական Հանրապետության պարտավորությունների որոշ մասի կատարումը՝ նշված համաձայնագրի 26 եւ 36-րդ հոդվածներին համապատասխան։
Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշման համաձայն՝ Իրանն այլեւս չի հետեւի սահմանափակումներին, որոնք ըստ համաձայնագրի՝ սահմանվել են հարստացված ուրանի եւ ծանր ջրի պահպանման վրա:
Միջուկային գործարքի մնացյալ կողմերին 60 օր է տրվել համաձայնագրի շրջանակում ստանձնած իրենց պարտավորությունների կատարման համար, հատկապես կապված բանկային եւ նավթային հատվածների հետ: Սա կատարելու անընդունակությունը Իրանին կդրդի դադարեցնել հետեւել ուրանի հարստացման մակարդակի եւ Արաքի ծանր ջրի ռեակտորի արդիականացման սահմանափակումներին:
«Ցանկացած պահի, երբ մեր պահանջները կատարվեն, մենք կվերականգնենք դադարեցված պարտավորությունների կատարումը, հակառակ դեպքում կշարունակենք փուլ առ փուլ կատարել այլ պարտավորություններ»,- նշված է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հայտարարության մեջ:
«Իրանը պատրաստ է բոլոր մակարդակներում շարունակել խորհրդակցությունները համաձայնագրի մնացյալ կողմերի հետ»,- նշված է հայտարարության մեջ: «Սակայն Իրանը վճռական եւ անհապաղ պատասխան կտա ցանկացած անպատասխանատու գործողության՝ այնպիսի, ինչպիսին հարցի փոխանցումն է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ կամ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը»:
0Comments