Արտաքին քաղաքականության մասին պատկերացում նախկինում չի եղել, հիմա էլ չկա, անհայտ չէ, թե ինչ լինելու, որևէ արմատական փոփոխություն տեղի չի ունենում: Լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
«Մենք չունենք գաղափարախոսություն, մենք չունենք անգամ գաղափար, թե ինչ ճանապարհով ենք ցանկանում գնալ»,- ասաց նա՝ նկատելով, որ դա անթույլատրելի գիծ է, անթույլատրելի իրավիճակ է:
Նա նկատեց, որ ստեղծված իրավիճակում իրենց մեղքն ունեն, ինչպես երկրի իշխանությունը, այնպես էլ հասարակությունը: «Հասարակության մեղքը նրանում է, որ պահանջատեր չէ իր հեղափոխության համար»,- ասաց նա:
Նրա նկատառմամբ՝ եթե վերլուծում ենք արդեն տեղի ունեցածը, ստացվում է, որ իշխանափոխություն է եղել և ոչ թե հեղափոխություն: Անդրադառնալով ժողովրդի կողմից հնչող կարծիքին, թե պետք է դեռ սպասել նոր իշխանություններին, նա նշեց, որ հասարակությունը և ժողովուրդը չպետք է անընդհատ ների իշխանությանը:
«Ես ցավ եմ ապրում, որ նոր իշխանությունից հասարակությունը սկսում է հիասթափվել»,- ասաց նա՝ նշելով, որ եթե իշխանությունները ինչ-որ պահի չարդարացնի սպասումները, պետք է պահանջել, որ հեռանա:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության ոլորտում կոնկրետ բացթողումներին, ապա Հայկ Մարտիրոսյանը հիշատակեց Սիրիա մարդասիրաան խումբ ուղարկելը, որը նշանակում էր թեկուզ փոքր մաստաբով, բայց օգնություն այնտեղ Ռուսաստանի ամրապնդմանը: «Հայաստանը սրա դիմաց Ռուսաստանից ոչինչ չստացավ»,- նկատեց նա՝ հավելելով, որ հայ-ամերիկյան, ՀՀ-ԵՄ հարաբերությունները ևս անհասկանալի են:
Աղբյուրը՝ tert.am
0Comments