ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Նիկոլիզմի հեռացումը մեկ մարդու կամ մեկ ուժի բան չէ, համազգային համախմբում է պետք։
Հաճախ եմ լսում՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն Նիկոլին չի հեռացնում միտքը։
Ու շատ հաճախ դա ասում են նաեւ մարդիկ, ովքեր 2018-ին ՀՀԿ-են «մերժել»։
Հարցնում եմ՝ եղբայր, 2018-ին հրապարակում եղե՞լ ես, չէ՞։
Ասում են՝ այո,բայց էս թերության,էն սխալի դեմ լինելով։
Ասում եմ՝ հասկացա, ավելի լավ պետություն ունենալու համար ես մեզ «մերժել», հավատացել ես Նիկոլին, բայց խաբվել ես։
ՀՀԿ-ն իր վրայից սխալներն ու մեղքերն ուրիշի վրա չի բարդում։
Այո, եղել են կոպիտ սխալներ եւս։
Բայց հերիք չէ՞ դրանց մասին խոսել միայն։
ՀՀԿ-ի օրոք՝ 2016-ի Ապրիլյան պատերազմում Ադրբեջանը ձախողվել է։
ՀՀԿ-ի օրոք 2015-ի ապրիլին ամբողջ աշխարհը խոսում էր Հայոց ցեղասպանության դատապարտումից։
Ձեռքբերումները քիչ չեն…
Հիշենք, որ ՀՀԿ-ն 2018-ի ԱԺ ընտրություններին մասնակցել է «Եթե մտահոգ ես» կարգախոսով՝ զգուշացնելով մոտեցող արհավիրհքի մասին…
Ավաղ, դա «ձայն բարբառոյ անապատի էր»…
2020-ի կապիտուլյացիայից հետո ՀՀԿ-ն ազգային այլ ուժերի հետ ամիսներով դրսում միտինգ է արել ,ճամփա է փակել, բռնվել է։
2021-ին պարտադրված ընտրությանն ամենավերջինն է հայտարարել մասնակցության մասին՝ պայքարելով Նիկոլի ռեժիմի դեմ։
Նույնը՝ 2022-ի Դիմադրության շարժման ժամանակ։
Չի ստացվել,դրական արդյունքի չենք հասել։
Չի ստացվել, քանի որ նաեւ ռեսուրսները չեն բավարարել։
Հանրային աջակցությունը նաեւ բավարար չի եղել։
Իհարկե, առկա է եղել նաեւ մեր՝ ընդդիմադիրներիս սխալը։
Ակնհայտ է, որ այսօր կա հանրային կոնսենսուս Փաշինյանին հեռացնելու համար։
Անհրաժեշտ է դուրս գալ «նախկին-ներկա» արհեստական բաժանումից ու բանավեճից։
Պետք է ազգային-պետական ուժերով ու գործիչներով գիտակցել ոչ թե իշխանության գալու, այլ՝ իշխանափոխության հասնելու կարեւորությունը։
Հերիք է իրար վրա քողարկված «քարեր նետենք» ու աննպատակ մեղավորներ փնտրենք։
Քաղաքականության մեջ հրեշտակներ չկան,սրբեր՝ առավել եւս։
Պետք է գնալ համազգային լայն համախմբման հանուն պետականության պահպանման ՝ մի կողմ դնելով կուսակցական ու խմբային շահերը»,- գրել է նա։
0Comments