Մենք փակում ենք ոլորտը, դուռ ենք բացո՞ւմ թուրքական ձկան համար, իսկ Թուրքիան դոտացիա է տալիս իր ձուկ արտահանողներին

Մանրամասներ
աժ

Ձկնաբույծները կրկին բողոքի ակցիա են իրականացնում, նրանք այս անգամ իրենց բողոքի ցույցը սկսել են փողոց փակելով։ Ձկնաբույծները միակողմանի փակել են Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը և քայլերթով շարժվել են դեպի Կառավարութան շենք։

Այնտեղ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա ոչ միայն ձկնաբույծների համար է խնդիր, այլև ազգային անվտանգության հարց է։

«Բոլոր խելամիտ երկրներում այս ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն։ Պատերազմող երկիր ենք, մի օր, եթե շրջափակում եղավ, այդ ձո՞ւկն է այս ժողովրդին կերակրելու։ Կառավարության համար այս ոլորտը միշտ գերակա ոլորտ է եղել, ո՞նց է, որ Թուրքիան դոտացիա է տալիս իր ձուկ արտահանողներին, գումար է տալիս ամեն կգ ձկան համար։

Մեր ձկնաբույծները անգամ այդ դոտացիան չեն ուզում, ասում են, թողեք մենք աշխատենք։ Ի՞նչ ասաց կառավարության ղեկավարը, ասաց մեզ ձուկ պետք չէ, մեզ պետք է ջուր։ Այսինքն, այս ոլորտը, որն ապահովում է հազարավոր աշխատատեղեր, կարող է պարալիզացվել, փակվել։

Այս մարդկանց տները գրավի տակ են, մտել են վարկային մեծ բեռի տակ, փաստացի այս մարդիկ հայտնվել են փողոցում։ Ինչ է, դուռ ենք բացում թուրքական ձկան համար»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Միաժամանակ պատգամավորը ոչ բովանդակային համարեց այս թեմայով ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները։

Նշենք, որ Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։ Իսկ սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։

Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում, իրենց չեն կարողանալու աշխատել և կանգնալու են փակման շեմին։ Ձկնաբույծները հանդիպել  են նաև ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին, սակայն,  այս հարցում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։