Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու անդամ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը․
«Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում, իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կեղծ և զրպարտչական տեղեկություններ է հնչեցրել մեր հասցեին։
Ցավով ենք արձանագրում, որ Հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցի առիթով հրավիրված հարցազրույցի ընթացքում Արամ Սարգսյանն օգտագործել է այդ առիթը՝ կրկնելու համար իշխանական քարոզիչների կողմից դաշտ նետված թեզերը՝ ակնարկելով, թե մենք «դրսից եկող հանձնարարություններ» ենք կատարում։ Ընդ որում, Սարգսյանը բացահայտ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե մենք իբր պատրաստ ենք եղել ինչ-որ համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ Սրանք բացարձակ սուտ տեղեկություններ են, որոնք նպատակ ունեն Հայաստանում վարկաբեկել որևէ ընդդիմադիր գործունեություն՝ այն հավասարեցնելով «5-րդ շարասյանն» ու «դրսի ուժերին ծառայությանը»։ Սա, քաղաքական անբարոյականություն լինելուց բացի, առաջին հերթին հակասում է դեմոկրատական, մրցակցային քաղաքական համակարգի մասին պատկերացումներին։
Երևանցիները լավ են հիշում, որ ավագանու ընտրություններից անմիջապես հետո ես հստակ հայտարարեցի, որ չեմ պատրաստվում կոալիցիոն հուշագրեր ստորագրել որևէ ուժի հետ՝ առաջարկելով բոլոր ոչ-իշխանական ուժերին, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցությանը՝ առանց նախապայմանների բացառել ՔՊ վերարտադրությունը Երևան քաղաքում։ Մենք մնացինք մեր դիրքերում՝ մեկ քայլ անգամ չնահանջելով մեր սկզբունքներից։
Ի հակառակ դրա, ընտրություններից առաջ ընդդիմադիր ներկայացող «Հանրապետություն» կուսակցությունն ընտրություններից հետո փաստորեն խաբեց իր ընտրողին և միացավ ՔՊ-ին՝ փաստացի դառնալով ՕԵԿ-2։
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք առաջնորդվում արտաքին որևէ «ուժամետ» լինելու տրամաբանությամբ, մեր գլխավոր նպատակն է՝ ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստանի արժանապատիվ, անվտանգ ու բարեկեցիկ կյանքին հասնելը։ Այդ նպատակին մենք հասնելու ենք մեր հետևողական ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ սկսելով մեր ծառայությունը Երևան համայնքում։
Կրկին ափսոսանք ենք հայտնում, որ Արցախն ազատագրած սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան շնորհիվ քաղաքական կարիերա անող նրա եղբայրը վերածվել է ՔՊ խոսափողի՝ կրկնելով այն նույն քարոզչական հնարքները, որոնք օգտագործում է Արցախի կործանման հարցում առանցքային դերակատարություն ունեցած այս իշխանությունը»։
Արամ Սարգսյանի հարցազրույցը՝ Հանրայինին
0Comments