Ձեր գործունեությունը ֆեյք էր, Ձեր հավատարմությունը եվրոպական արժեքներին ֆեյք էր․ Վայելեք Ձեր բարձր թոշակը և ցածր հեղինակությունը․ Աշոտյան

Մանրամասներ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրաժեշտի նամակ է գրել Հայաստաում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, որը ներկայացրել է 168.am-ը։

«Հարգելի՛ տիկին դեսպան (անկախ նամակիս բովանդակությունից, հարկ եմ  համարում պահպանել դիվանագիտական պոլիտեսը),

Տարածաշրջանում ժողովրդավարական բորդելի տնօրինության կողմից ենթարկվելով քաղաքական հետապնդման և ապօրինաբար գտնվելով բանտախցում, մի բարի և հուսադրող լուր սպրդեց քրեակատարողական հիմնարկի հաստ և խոնավ պատերից ներս և հասավ նվաստիս ականջներին. Դուք վերջապես ավարտում եք Ձեր դիվանագիտական աշխատանքը Հայաստանում և շուտով հեռանալու եք մեր երկրից (նամակս մինչև վերջ ընթերցելուց հետո կհասկանաք, թե ոնց եմ ցանկանում, որ այդ պահն օր առաջ գա):

Երբ Դուք նշանակվեցիք Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) առաքելության ղեկավար, ինչ մեղքս թաքցնեմ, ես հույս ունեի, որ Ձեր ծառայությունն այդ կարևոր պաշտոնում կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական զարգացմանը: Արդեն հեռավոր դարձած 2019թ.-ն էր. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին աննախադեպ համաձայնագիրն այլևս 80%-ով իրավական գործակցության մեջ էր, ամբողջական պայմանագիրն արագ վավերացման կարիք ուներ ԵՄ անդամների կողմից, սպասում էր իր մեկնարկին 2017թ. նոյեմբերին դեռևս Սերժ Սարգսյանի օրոք ամրագրված Վիզաների ազատականացման երկխոսությունը, իսկ Հարավային Կովկասում կայունության ամրապնդման կարիք կար:

Այսօր՝ Ձեր պաշտոնավարման ավարտին, տարիներ անց կարող եմ դառը սրտով փաստել, որ Դուք, տիկի՛ն դեսպան, ամբողջությամբ ձախողել եք Ձեր բուն առաքելությունը: Այլևս իրականություն է, որ հաշվետու ժամանակահատվածում ոչ ոք այդքան չի վարկաբեկել Եվրոպական միության կերպարն ու վարկանիշը Հայաստանում, որքան Դուք: Ոչ մեկն այդպիսի մեծ վնաս չի հասցրել հայ-եվրոպական հարաբերություններին, որքան Դուք:

Բրյուսելում ոմանք կարծում էին, որ Հայաստանը ռուսական մեդիադաշտի ազդեցության տակ է, որ ամբողջ օրը պատմում է այն մասին, թե ինչ «վատն են եվրոպական արժեքները»: Օ՜, միամիտներ: Ի՞նչ Կիսելյով, ի՞նչ Սիմոնյան, ի՞նչ Սոլովյով. Դուք բոլորից լավ էիք կատարում ցինիզմը, երկդիմիությունը, կողմնակալությունը ԵՄ-ի հետ ասոցացնելու գործը:

Դեռ մի կողմ, որ CEPA-ն արագ վավերացնելու համար Դուք մատը մատին չտվեցիք (այն վերջնական ուժի մեջ մտավ 2021թ.), Ձեզ ընդհանրապես չէր հետաքրքրում այդ համաձայնագրից բխող գործողությունների ծրագրի խայտառակ թերկատարումը: Ավելին, Դուք զավեշտալի ջանասիրությամբ անմարդկային ճիգեր էիք գործադրում թե՛ հայ ժողովրդից, թե՛ ԵՄ կենտրոնակայանից գործերի իրական վիճակը թաքցնելու համար: Իսկ Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին խոսք անգամ չկա: Իսկ ո՞ւր մնաց ԵՄ տնտեսական և ներդրումային գործիքով Հայաստանին խոստացված 2.6 մլրդ եվրոն:

Սակայն այս ամենն ընդամենը ծաղիկներն էին: Ձեր պաշտոնավարման ընթացքում Դուք, տիկի՛ն դեսպան, անզուգական կերպով մարմնավորեցիք արևելյան հայտնի եռյակը, որ հաճախ պատկերվում է ոչինչ չլսող, ոչինչ չտեսնող և ոչինչ չասող կապիկների տեսքով: Դուք, տիկի՛ն դեսպան, չտեսնելու, չլսելու և չխոսելու էիք տալիս Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում սկիզբ առած հակադեմոկրատական խայտառակ դրսևորումները, մարդկանց իրավունքների և ազատությունների լկտի ոտնահարումները, երկրի սահմանադրականության ճգնաժամը, դատական իշխանության զավթումը, քաղաքական տեռորը, խոսքի և մամուլի ազատությունների աննախադեպ սահմանափակումները, ոստիկանական վայրագությունները, ֆալսիֆիկացված ընտրությունները: Թեպետ ինչո՞ւ եմ զարմանում. Բրյուսելի իմ ընկերները պատմում էին, որ Դուք Մինսկում ԵՄ դեսպան եղած ժամանակ անգամ Լուկաշենկոյի հետ եք լեզու գտել: Փաշինյանն ո՞վ էր, որ իր հետ էլ լեզու չգտնեիք…

Բայց սա էլ Ձեր քաջագործությունների, իսկ ավելի ճիշտ՝ սոսկալի ավերածությունների ամբողջական ցանկը չէ: Ձեր գործունեության ողջ հմայքն առավել ցայտուն դարձավ 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած և առ այսօր շարունակվող ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Հայաստանի և Արցախի դեմ: Այս անգամ Դուք խուլ էիք, կույր և համր հազարավոր զոհերի, մարդկության դեմ գործած հանցագործությունների, ռազմագերիների կտտանքների, ռմբակոծված դպրոցների և հիվանդանոցների, պղծված եկեղեցիների, մարդկային ցավի, վշտի, տառապանքների և անարդարության հանդեպ: Պատերազմի ժամանակ չկայիք ընդհանրապես, իսկ հետո… իսկ հետո ավելի լավ էր՝ չլինեիք:

Անշուշտ, տիկի՛ն դեսպան, այս ամենի միակ մեղավորը Դուք չեք: Թե՛ եվրոպական քաղաքականության տապալման, թե՛ Հայաստանում ծաղկող ռեպրեսիաների և կոռուպցիայի, թե՛ Ադրբեջանի անպատիժ մնացող լկտիության հիմնական մեղսագործը Նիկոլ Փաշինյանն է: Այն Նիկոլը, ում տեսնելիս երկու անգամ ծալվում եք: Այն Նիկոլը, ում անթաքույց սատարում էիք՝ կոպտորեն խախտելով դիվանագիտական էթիկան, խառնվելով ներքաղաքական կյանքին: Այն Նիկոլը, ում գովերգում և մեծարում էիք իշխանական ֆեյքերից ավելի: Որովհետև Ձեր գործունեությունը ֆեյք էր, Ձեր հավատարմությունը եվրոպական արժեքներին ֆեյք էր, Դուք՝ որպես ԵՄ դեսպան, ֆեյք էիք, տիկի՛ն դեսպան:

Որպես մարդ, ով իր գործունեության վերջին 15 տարիները նվիրել է արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը և իրական եվրոպական քաղաքակրթական արժեքների հանրայնացմանը, պարտավոր եմ շեշտել, որ թե՛ Բրյուսելում, թե՛ ԵՄ անդամ երկրների քաղաքական, հանրային, հասարակական կյանքում կան բազմաթիվ սկզբունքային, արժեհամակարգ կրող, շիտակ և արդար գործիչներ, որոնք չեն վարանում խոսել և գործել ըստ հավատամքի, ըստ խղճի, ըստ բարոյականության, և ես խորապես շնորհակալ եմ իրենց, ինձ ծանոթ և անծանոթ մարդկանց, իսկական եվրոպացիներին:

Դուք, տիկի՛ն դեսպան, նրանց շարքում չկաք: Եվ ինձ սփոփում եմ այն անխուսափելի իրողությամբ, որ Ձեր գործունեությանը տրված այս դառը, բայց ազնիվ գնահատականներս շատ երկար եք հիշելու, շատ երկար… Վայելեք Ձեր բարձր թոշակը և ցածր հեղինակությունը:

Ի սրտե հաջողություն եմ մաղթում ԵՄ հաջորդ դեսպանին, ով Ձեր «շնորհիվ» հսկայական աշխատանք ունի անելու՝ Հայաստանում վերականգնելու եվրոպական ինստիտուտների խարխլված բարոյական հեղինակությունը:

Հ.Գ. Տիկի՛ն դեսպան, հուսով եմ, որ այս կոշտ նամակս չեք դիտարկի որպես փափկասուն կնոջը բիրտ տղամարդու կողմից ուղղված անպատեհություն: Գենդերային հավասարություն է, հիշում եք, չէ՞»,- ասվում է նամակում։