Արցախը ձգտում է ինքնուրույն հանդես գալ սեփական խնդիրների լուծման հարցում. Հարությունյան

Մանրամասներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:

Կառավարության նիստի ժամանակ նախագահ Արայիկ  Հարությունյանը հանդես է եկել ուղերձով, որից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Ի՞նչ կարող են անել Արցախի համար Հայաստանն ու Սփյուռքը:

Նախ, անհրաժեշտ է գիտակցել, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը պետք է փայփայել ու զորացնել, քանի որ դա մեր ազգային շահերից է բխում, և անթույլատրելի է այդ երեքից որևէ մեկին վերաբերվել որպես լրիվ առանձին կամ խանգարող միավորի: Այո, Արցախը բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, օբյեկտիվ իրականությունից ելնելով Արցախը ձգտում է ինքնուրույն հանդես գալ սեփական խնդիրների լուծման հարցում և բարձրացնել միջազգային սուբյեկտայնության մակարդակը, սակայն առանց Հայաստանի և Սփյուռքի մշտական աջակցության և ուղեկցության Արցախը չի կարող հաջողել: Իսկ Արցախն էլ իր բաժին պատասխանատվությունն է ստանձնում համազգային շահերի պաշտպանության գործում:

Ի՞նչ է արվում անվտանգության ապահովման ուղղությամբ:

Զգալի աշխատանք կատարվել և կատարվում է անվտանգության սեփական համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, սակայն հաշվի առնելով այդ թեմայով առկա խիստ զգայուն հարցերը՝ նախընտրելի է դրանց մասին քիչ խոսել, շատ աշխատել: Արցախում ապրող յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, որից ծնվում է դրա դեմ ուղղված հարձակումներից ու ոտնձգություններից այդ իրավունքը պաշտպանելու  համընդհանուր ինքնապաշտպանության իրավունքը: Այս իրավունքը անքակտելիորեն մեզ ուղեկցելու է այնքան ժամանակ, քանի դեռ առկա է մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանն ուղղված վտանգը: Այնուամենայնիվ, մեր խոցելիության աստիճանը նկատի ունենալով՝ անհրաժեշտ է գիտակցել, որ մեր անվտանգության արտաքին երաշխիքները երկար ժամանակ կարևորագույն դեր են խաղալու մեզ համար: Ուստի, ջանքեր ենք գործադրում բարելավելու ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության մակարդակը, ինչպես նաև քննարկում ենք միջազգային քաղաքական այլ երաշխիքների կիրառման հնարավորությունները:

Թեև Ադրբեջանի հետ հակամարտությունը մեր գլխավոր մարտահրավերն է, որը բացասաբար է ազդում Արցախի ժողովրդի կյանքի բոլոր ոլորտների վրա, այնուամենայնիվ, մեր ներքին հիմնախնդիրները նույնպես կարևոր նշանակություն ունեն ավելի ամուր ու զարգացած ապագա կերտելու ճանապարհին: Ավելին, դրանք ուղիղ կերպով անդրադառնում են նաև անվտանգային ու արտաքին քաղաքական հարցերի լուծման ջանքերի արդյունավետության վրա»: