Թուրքիայում մոտ 100 մարդ է ձերբակալվել երկրաշարժից հետո վնասված տները թալանելու համար

Մանրամասներ

Թուրքական ոստիկանությունը 98 մարդու է ձերբակալել՝ հեռախոսային խարդախության և երկրաշարժից հետո վնասված տները թալանելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Հաթայ նահանգում գողության համար 40 մարդ է ձերբակալվել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները նրանցից առգրավել են մոտ 11 000 դոլար, 70 000 թուրքական լիրա, ինչպես նաև տեխնիկա, զարդեր, բանկային քարտեր և զենք։ Եվս երկու քաղաքացի ձերբակալվել է Հաթայում տուժածների համար վեց բեռնատար սնունդ գողանալու փորձի համար։

Նմանատիպ միջադեպեր գրանցվել են նաև այլ նահանգներում:

Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ի վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժերը դարձել են ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Երկրում համազգային սուգ է հայտարարվել մինչև փետրվարի 12-ը, իսկ տուժած նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ռիսկերի նվազեցման վարչության գլխավոր տնօրեն Օրխան Թաթարը երկրում տեղի ունեցած առաջին երկու երկրաշարժերը համեմատել է 500 ատոմային ռումբի պայթյունի հետ։