Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ ԼՂ հայությունը դա չի զգում. Փաշինյան

Մանրամասներ

Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, ապա ինչու՞ Լեռնային Ղարաբաղի հայությունը չի զգում դա. այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղի հարցը լուծված լինելու հայտարարությանը, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասել ենք ու ասում ենք, որ երբեք էլ ԼՂ հիմնախնդիրը տարածքի խնդիր չի եղել, այլ բան, որ մեր արտաքին քաղաքականությունն այս կոնտեքստը ի վիճակի չի եղել  ներկայացնել միջազգային հանրությանը», - ասաց նա:

Վարչապետի խոսքով՝  ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն:

«Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, շատ լավ, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչո՞ւ չի զգում դա, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը ԼՂ-ի շուրջ դիրքեր տեղադրել ու ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա: Մենք դեմ չենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի կամ լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումը պետք է տեսնեն, զգան ու ընդունեն այնտեղ ապրող մարդիկ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով ՀՀ տարածքի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված լինելու մասին, Փաշինյանն ընդգծեց, որ ադրբեջանական զորքի դուրսբերման պահանջն իրենք առաջ են քաշում միջազգային բոլոր հանդիպումների ընթացքում։

«Այլ բան է, թե այն ձևակերպումները, որոնք պիտի արտահայտեն մեր այս մոտեցումը, ինչքանով են արտահայտվում, որովհետև հայտարարությունները միակողմանի չեն, այլ երբ մի քանի կողմ կամ առնվազն երկու կողմ կա հայտարարությունների տեքստի վրա աշխատող, էդտեղ պետք է որոշակի նաև ճկունություն ցուցաբերել։

Եթե մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991 թվականի սահմանը, դրանով իսկ ֆիքսվում է արդեն, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները, որովհետև 1991 թվականի սահմանը տեասկան մի երևույթ չէ, ամբողջ աշխարհը գիտի, թե որտեղով է անցնում այդ սահմանը։ Դրանք Խորհրդային միության ադմինիստրատիվ սահմաններն են, որոնք բոլորին հայտնի են, այդ փաստի բերումով արձանագրվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները և եթե ճանաչում է, իսկ արձանագրել է, որ ճանաչում է, պետք է դուրս գա այդ տարածքներից՝ առավել ևս, որ հետագա քննարկումների առումով էլ արձանագրվել է, որ այդ հիմքի վրա պետք է տեղի ունենա սահմանների դելիմիտացիան»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ հենց այդ սահմանների ճանաչման համատեքտում էլ կայացվել է ԵՄ դիտորդական առաքելության գործուղման որոշումը։