Ջերմուկ համայնքի ավագանին ընդունել է իր լիազորությունների շրջանակից դուրս որոշում

Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առնչությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պարզաբանում է տարածել ԶԼՄ–ներում տարածված  «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու»  մասին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թ․ դեկտեմբերի 18-ի թիվ 88-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու նախագիծը մերժելու ավագանու որոշման վերաբերյալ տեղեկատվության վերաբերյալ։

«Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու» մասին հանրագիրը ներկայացվել է համայնքի ավագանուն, որը հավանություն է տվել հանրագրում նշված առաջարկությանը։

«Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Եթե հանրագիրը կամ դրա մի մասը չի վերաբերում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրն ամբողջությամբ կամ մասամբ վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով»:

Համայնքի ավագանին հանրագիրը համապատասխան պարզաբանումներով ոչ միայն չի վերադարձրել բնակիչներին, այլև ընդունել է իր լիազորությունների շրջանակից  դուրս գտնվող որոշում, որով հավանություն է տվել հանրագրում նշված առաջարկությանը։ Նման դեպքերում, համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առնչությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ։

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ  օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը իրավասու է համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` ՀՀ Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի նկատմամբ իրավական հսկողություն իրականացնելու իր լիազորությամբ, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանուն առաջարկել է վերանայել և ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնել վերջինիս կողմից 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը: Իր գործունեության մեջ  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն առաջնորդվել է  ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթն ու լիազորությունները պատշաճ կատարելու հրամայականով»,– ասվում է պարզաբանման մեջ։