Զենքի մատակարարման դիմաց կամ «նաղդ փող», կամ պետք է գրավադրվի հայկական ոսկին

Մանրամասներ

1

Նոյեմբերի 9-ին Մոսկվայում հնարավոր եռակողմ հանդիպման եւ պայմանագրերի ստորագրման արտահոսքից հետո ՌԴ-ն քարոզչական նոր գրոհ է ձեռնարկել Հայաստանի դեմ բոլոր ուղղություններից։ Այն ուղղված է հայկական կողմի ահաբեկմանը եւ համակերպմանը, որ դիմադրությունն անօգուտ է, վաղուց ամեն ինչ որոշված է։ Իսկ անհնազանդության պարագայում, օկուպացված տարածքներում արդեն վերաբնակվում է 2000 սիրիացի վարձկան ու ահաբեկիչ, իսկ հայկական ոսկին պետք է գրավադրվի զենքի մատակարարման դիմաց։

Արմինֆո-ի հետ զրույցում ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը նկատել է, որ «ղարաբաղյան երկրորդ պատերազմը հանգեցրել է ուժերի հավասարակշռության փոփոխության։ Ուժեղացել են Թուրքիայի դիրքերը, հատկապես Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում։ Ընդ որում, 2020-ի պատերազմում Ադրբեջանը մեծ կորուստներ է կրել, այդ պատճառով նրա հաղթանակն էական ձեռքբերում չի թվում երկրի բնակչությանը, ինչն արդեն խնդիր է դառնում իշխանության համար», ասել է նա։

Եվսեեւի խոսքով, Բաքվի «ազատագրած տարածքների» նախկին բնակչությանը թույլ չեն տալիս վերադառնալ իրենց տները։ «Խոսքը Լեռնային Ղարաբաղում մոտ 2000 սիրիացի գրոհայինների ներկայության մասին է, որոնք սպասում են իրենց ընտանիքներին», ասել է Եվսեեւը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ռազմական գործողությունների ժամանակ, ահաբեկիչների ներկայության վերաբերյալ ՌԴ մի քանի հայտարարություններից հետո, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Ղարաբաղում սիրիացի վարձկանների ներկայությունն իրենց համար վտանգ չի ներկայացնում (տես այստեղ)։ Ռուսաստանն անտեսում է տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության կապակցությամբ Իրանի պաշտոնյաների հարցադրումները։

Բաքվի համար աշխատող ռուսաստանցի փորձագետ Իգոր Կորոտչենկոն առաջարկել է սպառազինության մատակարարման դիմաց Հայաստանից «նաղդ փող» պահանջել։ «Հայաստանը պետք է վճարի ռուսական զենքի համար, իսկ եթե փող չունի, թող ռուսական վարկերի դիմաց գրավադրի իր ոսկու պաշարները (դրանք պետք է տեղափոխվեն Մոսկվա) եւ առավել արժեքավոր արդյունաբերական ակտիվները», ասել է նա։

«Հրետանային նախապատրաստությունից» հետո հնչել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը․ «Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին։ Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը այս ծրագրերը գործնական հարթության վերածելու համար»։

Սկզբնաղբյուր