Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան տիկին Լին Թրեյսին երկու օր է՝ Շիրակի մարզում է

Մանրամասներ

1

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությունը երկու օր է՝ Շիրակի մարզում է։ Նախընտրական եռուզեռի մեջ գյումրեցիներին հետաքրքրւմ է, թե ինչ է անում ԱՄՆ դեսպանը Հանրապետության երկրորդ քաղաքում։

Նախ գյումրեցիները նկատել են, որ տիկին Թրեյսին շրջել է մշակույթային քաղաքում, իսկ հետո աշխատանքային հանդիպումներ է ունեցել մարզային եւ քաղաքային իշխանությունների հետ։

Շիրակի մարզպետարանից տեղեկանում ենք, որ դեսպանին  նախորդ օրը հյուրընկալել է մարզպետը եւ ասել, թե պատրաստ են նրա հետ նոր նախաձեռնություններ ու ծրագրեր իրականացնել: Տիկին Թրեյսին էլ իր հերթին նշել է․

«Բարձր եմ գնահատում մեր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ, կարևորում եմ նաև մարզերի հետ իրականացվող տարբեր ծրագրերը։ Ուրախ եմ, որ պարեկային ծառայությունն է գործարկվում Շիրակի մարզում, բացվում են նոր հրշեջ փրկարարական կենտրոններ»։

Նույն օրը  նա մասնակցել է Գյումրու և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերի բացման հանդիսավոր արարողությանը։

Ի դեպ, Ախուրյանում և Գյումրիում հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը կառուցվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ։ 

Լին Թրեյսիի գնահատմամբ՝ երկու կայանների հրշեջ-փրկարարական կարողությունների մեծացման շնորհիվ հնարավոր կդառնա 2 անգամ արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին ։ 

Այսօր արդեն տիկին Թրեյսին Գյումրու համայնքապետարան է այցելել՝ մասնավորապես քննարկել զբոսաշրջության ոլորտի խնդիրները: Մեր տեղեկություններով, համայնքապետարան այցից հետո դեսպանը մեկնել է Գյումրիից։