Սիդնեյի բնակչուհի Դոնա Ջեյկոբը ցնցվել է՝ տեղեկանալով, որ իր բանկային հաշվից 10 հազար դոլար է դուրս գրվել․ պարզվել է, որ այդ գումարը ծախսել է նրա՝ աուտիզմով տառապող 7-ամյա տղան։
Օգտագործելով իր մոր վարկային քարտը՝ նա eBay- ի առցանց աճուրդում գնել է Coles Stikeez հավաքածուից մի փոքրիկ արձանիկ՝ «կպչունիկ», որը կոչվում է Ոսկե Billy-Banana: Այն հազվագյուտ իր է, որը ցանկանում են ձեռք բերել շատ կոլեկցիոներներ։ Սովորական Billy-Banana-ները բազմաթիվ են, մինչդեռ դրանց ոսկե նմանակները ընդամենը 100 հատ են արտադրվել։ Վերջերս այդպիսի արձանիկներից մեկը վաճառվել է 20 հազար դոլարով։
47-ամյա Դոնան պատմել է, որ իր որդին Coles Stikeez հավաքածուի երկրպագուն է և խնդրել է իրեն գնել այդ արձանիկը, սակայն ինքը մերժել է՝ ասելով, որ դա իրենց բյուջեի մեջ չի տեղավորվում։ Այնուհետև տղան ինքնուրույն օգտվել է մոր համակարգչից և վարկային քարտից, որի տվյալները պահպանված են եղել։
Ինչպես գրում է Daily Record-ը, Դոնան, որը մի քանի օր անց ստացել է գնման հաստատման ծանուցումը, դիմել է վաճառողին և խնդրել է չեղյալ հայտարարել գործարքը: Սակայն վաճառողը հրաժարվել է գումարը վերադարձնելուց։ Հուսահատ կինը դիմել են բանկին, ինչպես նաև eBay և PayPal վճարման համակարգերին: Ի վերջո eBay-ը համաձայնել է փոխհատուցել վնասը` ընդառաջ գնալով ավստրալուհու խդրանքին:
0Comments