«Լիդիան Արմենիա» ընկերությունը 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում Ջերմուկի բնակչից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Ջերմուկ այցին՝ Շիրակ Բունիաթյանն ասաց, որ այն երկու կողմերի համար էլ կարևոր էր, վարչապետը փորձեց հակադարձել այն քննադատություններին, որ խոստացել էր գալ և չէր գալիս

Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվել է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանի դեմ ներկայացված հայցի քննությունը: Tert.am-ի հետ զրույցում Շիրակ Բունիաթյանը տեղեկացրեց, որ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին:

Հայցվորը  պահանջում է  հրապարակայնորեն հերքել Maxinfo.AM խմբի ֆեյսբուքյան էջում Լիկա Սվասյանի 25.02.2019 թվականի գրառմանն ի պատասխան Շիրակ Բունիաթյանի կողմից ներկայացված զրպարտություն համարվող տվյալները:

«Ընկերությունը նաև ֆինանսական  փոխհատուցում է  պահանջում, ինչքան  գիտեմ,  1  մլն  դրամ»,-մանրամասնեց Շիրակ Բունիաթյանը:

Անդրադառնալով երեկ Ամուլսարի  պահպանների և Գնդեվազի 2 բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպին՝ Շիրակ Բունիաթյանն ասաց, որ տարաձայնություններ  ցանկացած համայնքում կարող են լինել, այժմ ամեն ինչ  նորմալ է:

«Մամուլում ապատեղեկատվություն էր տարածվել, թե բռնությամբ ականջ են կտրել, ինչը հրապարակավ  հերքվեց նաև  վնասվածք  ստացողի կողմից: Բնակիչներ են, որոնց միջև  եղել են  տարաձայնություններ, այնպես  չէ, որ  մենք  ՀԿ-ենք և  պետք է սանձենք: Ամուլսարի  պահպաններ  ասելով՝ մենք  շրջանակը  փոքրացնում  ենք, խելամիտ  հայությունը դարձել է  Ամուլսարի  պաշտպան»,-ընդգծեց  նա:

Անդրադառնալով  Նիկոլ  Փաշինյանի  Ջերմուկ այցին՝  Շիրակ  Բունիաթյանն  ասաց, որ  այն երկու կողմերի համար էլ կարևոր էր, վարչապետը փորձեց հակադարձել այն քննադատություններին, որ  խոստացել էր  գալ և չէր  գալիս: