Օնկոլոգիայի դեմ պայքարը բուժումը չէ, կանխարգելումն է. Արսեն Թորոսյան

Մենք դեպքեր ենք ունեցել, երբ համոզում ենք` եկեք, գրանցեք, վաճառք շատ չեք ունենա, բայց հումանիտար նպատակով գրանցեք, շատ ոլորտների է վերաբերում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է օնկոլոգիական դեղերի ձեռքբերման, Հայաստանում գրանցման խնդիրներին: Նշել է, որ իրենք միշտ պատրաստ են անվճար գրանցել այն դեղերը, որոնք արտադրողը չի ցանկանում վճարովի գրանցել, բայց առանց արտադրողի թույլտվության չեն կարող գրանցել:

«Մենք դեպքեր ենք ունեցել, երբ համոզում ենք` եկեք, գրանցեք, վաճառք շատ չեք ունենա, բայց հումանիտար նպատակով գրանցեք, շատ ոլորտների է վերաբերում: Մյուս տարբերակը դեղերի հասանելիության ձեռքբերումն է: Մյուս տարվա բյուջետային աճի արդյունքում փորձում ենք ավելի շատ գումար պոկել, քան նախատեսված է և ստանալ օնկոլոգիական դեղեր, վստահ չեմ, որ կստացվի, բյուջեն մեծ չէ, բայց առնվազն երկու կողմով լավանալու է օնկոլոգիական՝ ճառագայթային թերապիան: Համավճարային սկզբունքը հանեցինք ու վերանայում ենք գները բարձրացնելու ուղղությամբ, դեպքերի մեծ քանակի աճի պատճառով ճնշումը շատ մեծ է»,- ներկայացնում է նախարարը:

Նա նշում է, որ նաև պետպատվերով վիրահատությունների թիվն են ավելացնելու, որպեսզի հիվանդները երկար չսպասեն իրենց հերթին: Այս ամենով հանդերձ՝ Թորոսյանը մի եզրահանգման է գալիս։

«Օնկոլոգիայի դեմ պայքարը բուժումը չէ, կանխարգելումն է, որի քայլերից մեկը պատվաստումն է, ծխելու դեմ պայքարը, մենք պետք է սերունդներին թողնենք առողջ Հայաստան»,- ընդգծում է նա: