ՀԴՄ-ների ներկրումը, իրացումը և դրանց տեխնիկական սպասարկումը կազատականացվի

ՊՈԱԿ-ի գործունեությունը սահմանափակվելու է՝ զուտ անվճար հսկիչ դրամային մեքենաների սահմանամերձ բնակավայրերին տրամադրելով և անճար տեխնիկական սպասարկումը ապահովելով

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց ՀԴՄ-ների ներկրման, իրացման և դրանց տեխնիկական սպասարկման ազատականացման վերաբերյալ որոշման նախագծերը, որտեղ սահմանված են տեխնիկական սպասարկման կարգավորումները:

Դավիթ Անանյանը նշեց, որ ըստ որոշման նախագծերից մեկի՝ ՊՈԱԿ-ի գործունեությունը սահմանափակվելու է՝ զուտ անվճար հսկիչ դրամային մեքենաների սահմանամերձ բնակավայրերին տրամադրելով և անճար տեխնիկական սպասարկումը ապահովելով: Մեկ այլ նախագծով նախատեսվում է հանել ՊՈԱԿ-ի կողմից ՀԴՄ-ների գնման, իրացման գործընթացին առնչվող կարգավորումները:

Դավիթ Անանյանը նշեց, որ առաջարկում են վերանայել և ուժը կորցրած ճանաչել ՀԴՄ-ների մի շարք տեխնիկական պահանջներ, որոնք նոր սերնդի ՀԴՄ-ների դեպքում արդիական չեն: «Ըստ էության, մենք ազատականացնում ենք հսկիչ դրամարկղային մեքենաների ներկրման   վաճառքի և տեխնիկական սպասարկումը, ՀԴՄ սարքերի տեխնիկական պահանջները կրճատում և արդիականացնում ենք և ամբողջությամբ ազատականացնում ենք ոլորտը»-ասաց նա:

Փոխվարչապետ  Տիգրան Ավանյանը, արձագանքելով, ասաց, որ սա նաև այն ցավոտ հարցերի մեկն է եղել, որի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ այս թեմայի վերաբերյալ բողոքներ են ստացել: «Ես կարծում եմ, որ պետական մենաշնորհից հրաժարվելը և ՀԴՄ-ների շուկայի ազատականացումն իր դրական էֆեկտը պետք է  բերի, ճիշտ է, դա պետք է արվի փուլային, քանի որ որոշակի ռիսկեր կան, որոնք պետք է կառավարել, քանի որ, եթե ՀԴՄ-ն չի աշխատելու, մենք գնալու և տուգանելու ենք, պետք է վերահսկելի լինեն և ազատականացումը սահուն լինի»,-ասաց նա:

Նախագծերն ընդունվեցին: