ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին պատրաստ ենք փոխանակել մեր 150 գերիների հետ․ Փաշինյան (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում
գերի նիկոլ

Գերիների խնդիրը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է ու պետք է ափսոսանք հայտնեմ, որ այդ մաքուր հումանիտար հարցը օգտագործվում է քաղաքական նպատակներով։

Այս մասին այսօր, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պատրաստակամություն ենք հայտնել ճկունություն ցուցաբերել այս հարցում ու աշխատել Ադրբեջանի հետ, որպեսզի մեր գերիները վերադառնան»,- ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ բանակցությունները խնդրի լուծման ճանապարհներից մեկն են։

«Ընդ որում մենք նույնիսկ պատրաստակամություն ենք հայտնել ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի անձանց փոխանակել մեր գերիների հետ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով՝ հարցին տալով բացարձակապես հումանիտար բնույթ։

Մենք շարունակում ենք աշխատանքը։ Երկրորդ ուղղությունը իրավական մոտեցումներն են։ Բոլոր դեպքերով մենք դիմել ենք ՄԻԵԴ ու այլ իրավական ատյաններ, մի շարք դեպքերում հրատապ միջոցներ կիրառելու որոշումներ ունենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը միաժամանակ նշեց, որ այդ աշխատանքները չեն կարող բավարար համարվել։

«Ես դժգոհ եմ, որ մենք չենք կարողանում մինչև այս պահը արդյունքներ արձանագրել, բայց դա մեզ չպետք է հուսահատեցնի, մենք պետք է հետևողականորեն շարունակենք աշխատել։ Ուզում եմ ներողություն խնդրել մեր գերեվարված եղբայրներից ու նրանց ընտանքիներից»,- ասաց նա։։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2020-ից մինչև այսօր ՀՀ են վերադարձել 150 գերիներ։