«Ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործիչ, թե՞ դավաճան»․ արցախցու հարցը Նիկոլ Փաշինյանին

Մանրամասներ

Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողի միջոցով հարց ուղղեց շուշեցի Միքայել Առաքելյանը։

«Դուք լիազորություն չունենալով՝ Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի մաս՝ մեզ ենթարկելով բլոկադայի, հումանիտար ճգնաժամի, որտեղ սովից երեխաներ են մահանում, եւ կա 120 հազարանոց արցախահայության վտանգ։ Դուք ձեզ պատասխանատու չեք զգո՞ւմ, ձեր խիղճը ձեզ չի տանջո՞ւմ, դուք կարո՞ղ եք քաղաքական կամք դրսեւորել եւ հրաժարական տալ, քանի որ բերել եք հասարակության պառակտում, բանակցությունների տապալում, պատերազմ, խայտառակ պարտություն, մեր հայրենիքի 80 տոկոսի հանձնում եւ բզկտված Արցախի բլոկադա։ Հարց՝ ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործիչ, թե՞ դավաճան։ Մի՞թե դուք չհասկացաք, որ մենք ճկվում ենք, բայց չենք կոտրվում, եւ ուղղվում ենք ու ավելի ուժեղ հարվածում։ Արցախահայությունն անկոտրում է, պինդ՝ մեր սարերի վրա։ Եվ մի՞թե դուք չեք վախենում արժանանալ Մելիք Ֆրանգուլի ճակատագրին, որի գերեզմանը բոլորն են անպատվում»,- ասաց Արցախի բնակիչը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց․ «Մեր հարգելի ընկերը, որ ասում է՝ մենք անկոտրում ենք, մի ստիպեք ինձ ամեն անգամ հիշել 2020 թվականի սեպտեմբերի 28-ին առաջացած խցանումների մասին՝ Ստեփանակերտից դեպի Երեւան։ Ասում եք՝ Շուշին հանձնեցիք, ասում ենք՝ կհետաքննենք։ Հետաքննում ենք, քրեական գործ ենք հարուցում, կալանավորում ենք, կալանավորվում են, հետո գալիս եք, ասում եք՝ էդ մարդիկ քաղբանտարկյալ են։ Դավաճանական կառավարությո՞ւն է, ուրեմն դավաճանական կառավարության աջակցություններից հրաժարվեք։ Դավաճանից փող ստացողը բա ի՞նչ է, ինչո՞ւ չեն հրաժարվում։ Գիտեք ինչքան կենացներ եմ լսել այդպես, անձամբ ճանաչում եմ այդպիսի կենաց ասողներին, ովքեր պատերազմի ժամանակ 300-ի տակ ճողոպրում էին։ Թող ոչ մեկին չթվա, թե Ղարաբաղի ակցենտով խոսելը նշանակում է լինել հերոս»։

Նա հավելեց․ «Այո, ինձ պատասխանատու զգում եմ, հրաժարականի վերաբերյալ, հրաժարական տվել եմ։ Ես չեմ պատրաստվում ամեն օր եւ անընդհատ հրաժարական տալ»։

Անդրադառնալով արցախցու հարցին, որ Նիկոլ Փաշինյանն իրենց հայրենիքի 80 տոկոսը հանձնել է, Փաշինյանը հարցադրում արեց․ «Ո՞ր հայրենիքի, Սերժ Սարգսյանը չէր ասո՞ւմ՝ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Հիմա ո՞ր մասն է հայրենիք, որ մասը հայրենիք չէ»։