Արցա՞խ, թե՞ Լեռնային Ղարաբաղ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է

Մանրամասներ

Արցա՞խ, թե՞ Լեռնային Ղարաբաղ: Ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այս հարցին:

«Մենք անընդհատ խոսում ենք միջազգային տերմինաբանությունից, և կարևոր դրույթներից մեկն այն էր, որ այնտեղ հստակ ֆիքսվեց «Լեռնային Ղարաբաղ» դրույթը, «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, որի տակ ստորագրեցին և՛ Ռուսաստանի Դաշնության նախագահը, և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ Հայաստանի վարչապետը, որից հետո՝ շատ ժամանակ չանցած, Ադրբեջանի նախագահը սկսեց հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, չկա այդպիսի բան, և չկա այդպիսի եզրույթ: Եվ մի հրաշքով, այդ թվում՝ հայկական իրականության մեջ, սկսեցին ենթարկվել այդ հրովարտակին՝ մի ինչ-որ զարմանալի ձևով սկսելով չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը:

Հետո մենք խոսում ենք միջազգային դիրքորոշումների մասին, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության մասին, Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտության մասին: Բա ես դա էի ասում՝ նախորդ հարցերին ի պատասխան: Ասում էի, որ մենք հասկանում ենք, որ հասկացությունների իմաստը և հասկացությունների ընկալելիությունը շատ կարևոր նրբություններ են:

Ես ասում եմ Լեռնային Ղարաբաղ, որովետև կարող եմ միջազգային հանրությանը բացատրել, թե դա ինչ է նշանակում: Կա ստորագրված թուղթ դրա մասին, և երբ ինչ-որ մարդիկ Լեռնային Ղարաբաղ հասկացության օգտագործելու մեջ տեսնում են դավադրություն և ասում են՝ Արցա՛խ, Արցա՛խ: Նրանք, ըստ էության, իրենց դիրքորոշումը համապատասխանեցնում են Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Ասում եք՝ ասե՛ք «Արցախ»: Արցա՛խ, հետո՞:

Արցախի Սահմանադրություն կա, որտեղ գրված է Լեռնային Ղարաբաղ»,- ասաց նա, ապա հավելեց, որ եթե ուզում ենք դիրքորոշում ունենալ, պետք է հետևողական լինել: