Թող ոչ մեկին չթվա, թե Ղարաբաղի ակցենտով խոսելը, նշանակում է լինել հերոս, մի ստիպեք ինձ ամեն անգամ հիշել 2020թ-ի սեպտեմբերի 28-ին առաջացած խցանումների մասին․ Փաշինյան

Մանրամասներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցվեց 44-օրյա պատերազմի մասնակից, Շուշիի բնակիչ Միքայել Առաքելյանի հարցը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։

«Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի անբաժան մաս՝ մեզ ենթարկելով բլոկադայի, հումանիտար ճգնաժամի, որտեղ սովից երեխաներ են մահանում և կան 120․000 արցախահայության ցեղասպանոթյան վտանգ։ Դուք Ձեզ պատասխանատու չե՞ք զգում, Ձեր խիղճը Ձեզ չի՞ տանջում  ու Դուք կարո՞ղ եք արդյոք քաղաքական կամք դրսևորել  և հրաժարական տալ, քանի որ բերել եք հասարակության պառակտում, բանակցությունների տապալում, պատերազմ, խայտառակ պարտություն, հայրենիքի 80 տոկոսի հանձնում։ Հիմա հարց՝ ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործիչ, թե դավաճան, միթե չեք հասկանում, որ մենք ճկվում ենք, բայց չենք կոտրվում, մենք մեր սարերի պես անկոտրում ենք, չե՞ք վախենում արժանանալ Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին»,- նշված էր Փաշինյանին ուղղված հաղորդագրության մեջ։

Լրագրողը դիտարկում արեց նաև՝ հարցին պատասխանելիս՝ ԼՂ-ի փոխարեն օգտագործել Արցախ տերմինը։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանը ասաց․

«Արցախ, թե Լեռնային Ղարաբաղ, մենք անընդհատ խոսում ենք միջազգային տերմինաբանությունից և նոյեմբերի 9-ի կարևոր դրույթներից մեկն այն էր, որ այնտեղ ֆիքսվեց Լեռնային Ղարաբաղ դրույթը։ Դրանից հետո Ադրբեջանի նախագահը սկսկեց հայտարարել, որ ԼՂ չկա ու մի հրաշքով, այդ թվում հայկական իրականության մեջ շատ մարդիկ սկսեցին ենթարկվել այդ հրովարտակին ու սկսելով չօգտագործել ԼՂ տերմինը։ Հետո խոսում ենք միջազգային դիրքորոշումների մասին, ԼՂ հայության իրավուքների պաշտպանության մասին, ԼՂ միջազգային սուբյեկտության մասին։

Ես ասում եմ ԼՂ, որովհետև կարող եմ միջազգային հանրությանը բացատրել, թե դա ինչ է նշանակում, նրանք, ԼՂ հասկացության օգտագործման մեջ տեսնում են դավադրություն ու օգտագործում՝ Արցախ-Արցախ, նրանք իրենց դիրքորոշումը համաձայնեցնում են Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման հետ, հո կենացով չէ։ Այդ մեր ընկերը, որ ասում է մենք անկոտրում ենք, կներեք՝ մի ստիպեք ինձ ամեն անգամ հիշել 2020թ-ի սեպտեմբերի 28-ին առաջացած խցանումների մասին ՝ Ստեփանակերտից դեպի Երևան։ Ասում են դավաճան եք, Շուշին հանձնել եք։ Ինչու չեն հրաժարվում դավաճանից փող ստանալուց, գիտե՞ք ինչքան կենացներ եմ լսել , անձամբ ճանաչում եմ այդպես կենաց ասողների, ովքեր պատերազմի ժամանակ 300-ի տակ ճողոպրում էին, թող ոչ մեկին չթվա, թե Ղարաբաղի ակցենտով խոսելը, նշանակում է լինել հերոս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը